Կիևը Թբիլիսիին կոչ է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Գլդանի շրջանում գտնվող բանտային հիվանդանոցից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին ասված է Ուկրաինայի արտգործնախարարության համապատասխան նոտայում, որը Կիևը փոխանցել է Վրաստանի ԱԳՆ-ին։
«Վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլուն անհապաղ տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն, որն ունի անհրաժեշտ բոլոր հնարավորությունները պատշաճ բժշկական խնամք և շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պաշտոնական Կիևը հիասթափված է Սաակաշվիլուն բանտային հիվանդանոց տեղափոխելու և այդ մասին ուկրաինական կողմին չտեղեկացնելու հետ կապված:
«Բանտային հիվանդանոցում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվու գտնվելը լրացուցիչ ռիսկեր և լարվածություն է ստեղծում, որոնցից կարելի է խուսափել՝ առաջնորդվելով հումանիտար նկատառումներով»,- հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից: