44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկը կյանքի է կոչվելու, և բոլոր քայլերը ձեռնարկվելու են արդյունավետ աշխատանքի համար: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Օրենքը թույլ է տալիս 6 ամսով ստեղծել հանձնաժողով և ևս 6 ամսով գործունեության ժամկետը երկարաձգել: Գիտեք, որ ոչ բոլոր պատգամավորներն էին գաղտնիության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել: Կարող եմ ասել, որ հանձնաժողովը միանշանակ գործելու է, և նպատակը զուտ գործելը չի լինելու: Այն պետք է ունենա կոնկրետ արդյունք ու զբաղվի կոնկրետ գործողություններով: Հանձնաժողովի գործողությունները կսկսվեն շուտով, երբ մենք կհասկանանք, որ հանձնաժողովի աշխատանքի համար որևիցե տեխնիկական խնդիր չկա:
Ստեղծվելիք հանձնաժողովում լինելու են ներկայացուցիչներ նաև արտախորհրդարանական ուժերից: Այդ մասին հստակ հայտարարվել էր հոկտեմբերի 30-ին՝ արտախորհրդարանական ուժերի և վարչապետ Փաշինյանի հերթական հանդիպման ընթացքում: Թեև Նիկոլ Փաշինյանը անուններ չէր նշել, բայց ավելի վաղ Դավիթ Սանասարյանը «Լուրերին» հայտնել էր՝ մասնակցելու են ինքը, Նորայր Նորիկյանն ու Սամվել Բաբայանը: Լրագրողների հարցին ի պատասխան Սիմոնյանն անդրադարձավ հնչող մտահոգություններին, թե այս անձանց, մասնավորապես՝ Սամվել Բաբայանի ներգրավումը այդ հանձնաժողովի աշխատանքներին քննության օբյեկտիվությունը կասկածի տակ կդնի:
Ալեն Սիմոնյան - Ինչո՞ւ պետք է օբյեկտիվ քննություն չիրականացվի, ի՞նչ կապ ունի, եթե Սամվել Բաբայանը լինի՝ ուրեմն խնդի՞ր է: Հանձնաժողովը ազատ է հրավիրել բոլորին, ես կարծում եմ՝ հրավիրյալների ցանկը շատ մեծ է լինելու: Վստահ եմ՝ արդյունավետ աշխատանք է լինելու, շատ ու շատ բաներ արդեն հայտնի են, պարզապես հանձնաժողովը ավելի փաստարկված դա կներկայացնի:
Հանձնաժողովի ստեղծումը, ըստ Ալեն Սիմոնյանի, կարևոր է նաև անցած 30 տարվա սխալներից դասեր քաղելու համար, որը բերեց նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ստորագրմանը: ԱԺ նախագահը առանց գնահատականներ հնչեցնելու ընդգծում է՝ պետք է վերաիմաստավորել անցած ուղին:
Ալեն Սիմոնյան - Երկար պետք է վերլուծենք, այս մեծ ցավին մատների արանքով մենք չենք կարող նայել, շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար: Շատ կարևորում եմ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որ մեր կողմից առաջ քաշվեց, արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ:
Երեկ Շուշիի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, 22-ամյա տղամարդը մահացել էր, երեք քաղաքացի վիրավոր են, գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում: Ազգային ժողովի նախագահը Ադրբեջանի գործողությունները որակում է սադրիչ:
Ալեն Սիմոնյան - Մեզ պետք է իրավիճակ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ շարունակենք Արցախի հարցով այն քննարկումները, որոնք ընդհատվել են:
Ազգային ժողովի նախագահը խորհրդարանում մասնակցեց շուշեցի ճարտարապետների գործերի ցուցադրությանը: