Պրոֆեսորներ Յուրի Օգանեսովը (Ռուսաստան) և Վինչենցո Բալցանին (Իտալիա) առաջին անգամ պարգևատրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեևի անվան հիմնարար գիտությունների համաշխարհային մրցանակով:
Պարգևատրման որոշումը կայացվել է ականավոր միջազգային ժյուրիի առաջարկով, որը նախագահում է քիմիայի բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ժան-Պիեռ Սովաժը:
Հարկ է նշել, որ Յուրի Օգանեսովի գիտական աշխատանքները մեծ դեր են ունեցել պարբերական համակարգի նոր քիմիական տարրերի սինթեզի և ուսումնասիրության գործում։
Նրա նախաձեռնած միջազգային գիտական համագործակցության արդյունքում, ի թիվս այլոց, հայտնաբերվել են այնպիսի գերծանր տարրեր, ինչպիսին քիմիական տարրերի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրն է, որն անվանի գիտնականի անունով է կոչվում՝ օգանեսոն:
Դափնեկիրները մրցանակը ստանալու են Փարիզում նոյեմբերի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 41-րդ գլխավոր նստաշրջանի հանդիսավոր արարողության ժամանակ:
Աշխարհահռչակ հայ ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Օգանեսովը (Հովհաննիսյան) ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին Դոնի Ռոստովում:
1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ, 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։
2017 թվականին գործողության մեջ է դրվել «Աշխարհահռչակ հայեր. Յուրի Հովհաննիսյան» թեմային նվիրված «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. YURI OGANESSIAN» նամականիշը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Օգանեսովին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն: 2018 թվականին ՀՀ-ում մարվել է ֆիզիկոսին նվիրված հատուկ ծրար (ֆիլատելիստական արտադրանք), որի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Օգանեսովի կողմից հայտնաբերված՝ Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը կոչվում է նրա անունով՝ օգանեսոն (Og):