Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում:
Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, անդրադարձել ծրագրերին առնչվող ընթացիկ հարցերին:
Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել նաև կայուն զարգացման նպատակների իրականացման, Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ: