Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, Նոր Նորքի, Մալաթիայի և Էրեբունու բաժններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Մաշտոցի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպք, Նոր Նորքի բաժնում՝ ատրճանակի, Մալաթիայի բաժնում՝ «Իժ» հրացանի ու ռազմամթերքի, Էրեբունու բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի և Ճամբարակի բաժիններում։ Մասնավորապես, Գավառի և Սևանի բաժիններում՝ ատրճանակների, Մարտունիում և Ճամբարակում՝ նռնակների և փամփուշտների։
Արթիկի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Շիրակի մարզի մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Արտաշատի բաժին զանգած տղամարդն էլ հայտնել է, որ պատերազմի մասնակից է և Արտաշատի երկաթգծի կայարանի մոտ զենք է թողել։
Նրա նշած վայրում հայտնաբերվել են «մուխա» հակատանկային նռնականետի նմանվող նռնականետ ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Եղեգնաձորի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների, Ջերմուկում՝ զինամթերքի ու երկփողանի հրացանի կամավոր հանձնման դեպք։
Նշանակվել են փորձաքննություններ։
Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: