Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային հուշարձանների միտումնավոր թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ և պատերազմական այլ հանցագործություններով ուղեկցվող 44-օրյա պատերազմը հանգեցրեց հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների և ավերածությունների։ Նշված է 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020 թ․նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ - Պատերազմի հետևանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ բնակչությունը դարձավ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների և զանգվածային ոճրագործությունների զոհ: Մասնավորապես, պատերազմի հետևանքով 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են ավելի քան 17 հազար քաղաքացիական օբյեկտ ու ենթակառուցվածք, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել կամ վիրավորվել են, իսկ շատերի ճակատագիրը դեռ մնում է անհայտ:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հայաստանը և Արցախը հետևողականորեն կյանքի են կոչել եռակողմ հայտարարության դրույթները, մինչդեռ փաստաթղթի ստորագրումից ընդամենը մեկ ամիս անց Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, սպանեցին ու գերեվարեցին հայ զինծառայողների։
Ավելին, փաստաթղթում նշված շրջաններից հայկական զորքերի դուրսբերումից հետո Բաքուն պատասխանեց այդ նույն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք իր զինված ուժերի ներթափանցմամբ և շարունակվող ապօրինի տեղակայմամբ։
ՀՀ ԱԳՆ - Ադրբեջանը դեռ չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Պարբերական բնույթ են կրում ադրբեջանական զինված ուժերի կողմից եռակողմ հայտարարությամբ ամրագրված կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, որոնք ուղեկցվում են ոչ միայն Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց թիրախավորմամբ՝ հանգեցնելով և՛ մարդկային, և՛ նյութական կորուստների:
Միտումնավոր խեղաթյուրելով և կամայականորեն մեկնաբանելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանը շրջանառում է, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը և սպառնում ուժի կիրառմամբ:
Ադրբեջանի ղեկավարության շարունակական հայատյաց քաղաքականությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում էթնիկ զտումները, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի խոչընդոտումը վկայում են՝ Արցախի հայության՝ իրենց հողում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո։
ՀՀ ԱԳՆ - Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Ադրբեջանի այն պնդումները, թե պատերազմի հետևանքով միջազգային ասպարեզում այլևս գոյություն չունի ոչ միայն ԼՂ հակամարտությունը, այլև Լեռնային Ղարաբաղը, նույնպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ հենց եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես տարածքային միավոր:
Միայն 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման արդյունքում,- նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում,- կարող են նախադրյալներ ստեղծվել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության համար։
ՀՀ ԱԳՆ - Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում և Արցախի ամբողջ տարածքում տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում, իր բնօրրանում Արցախի ժողովրդի ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացում՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:
ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ. ԱՐՑԱԽԻ ԱԳՆ
Պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Արցախի արտգործնախարարությունը, շեշտել՝ Արցախի հետպատերազմյան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկյունից եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ունի։
ՀՀ ԱԳՆ - Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման անկյունաքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն և զարգացրել այն:
Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ըստ Արցախի արտգործնախարարության, չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության կարգավորման համար։