Երկշաբաթյա արձակուրդից հետո հանրապետության դպրոցները կրկին անցել են առկա ուսուցման: Համաճարակային իրավիճակը զսպելու համար էր ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ շաբաթով երկարաձգել աշնանային արձակուրդը: Նոյեմբերի 8-ից դասապրոցեսը չի վերսկսել հանրապետության երեք դպրոցում, բայց ոչ քովիդի պատճառով:
Արսեն Բաղդասարյան, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ - Պայմանավորված է դպրոցում ջերմային ռեժիմը չպահպանելու խնդրով: Դիմակի կրումը, ձեռերի ախտահանումը, հեռավորության պահպանումը, սննդի կազմակերպումը դպրոցներում կանոնակարգված են և խստագույնս պահպանելու դեպքում դեպքեր կարող են լինել, բայց կրիտիկական չեն լինի:
Երևանի 172-րդ հիմնական դպրոցում առանց դիմակի աշակերտի, ուսուցչի դժվար է հանդիպել: Տնօրենն ասում է՝ աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում դիմակ դնելը նախընտրելի է հեռավար դասերից:
Գայանե Մկրտչյան, Երևանի 172-րդ դպրոցի տնօրեն - Երկշաբաթյա արձակուրդը մեր դպրոցի տվյալների հետ կապված արդյունք տվեց, որովհետև այսօր դասարաններում չունենք հիվանդ երեխաներ, այս պահին գոնե, չունենք նաև հիվանդ ուսուցիչներ: Եթե որևէ դասարանում որևէ խնդիր ենք ունենում, տվյալ դասարանն անցնում է հեռավարի:
Երկրորդ դասարանցիների դասվարն ասում է՝ զարմանալի է, բայց փոքրերն արդեն սովորել են դիմակով կրթությանն ու ըմբռնումով են հաղթահարում քովիդի դժվարությունները:
Ալլա Յազիչյան, 172-րդ դպրոցի ուսուցչուհի - Երկու շաբաթ արձակուրդը մեզ օգնել է, որպեսզի դասարանում չունենանք համավարակ: Այն գաղափարը, որ եթե դիմակը հանեք, մենք դպրոց չենք գա, կգանք խմբերով, արդեն իրենց համար լրացուցիչ մոտիվացիա է, որ կարողանան դիմակները կրել գոնե 45 րոպեն:
ԿԳՄՍ փոխնախարարը վստահեցնում է՝ իրավիճակն իրենց ուշադրության կենտրոնում է. դեռ սեպտեմբերին են դպրոցներ շրջաբերականներ ուղարկել՝ կորոնայի պատճառով դասի չներկայացողների թվերն ամեն շաբաթ ներկայացնելու համար: Գերատեսչությունում թվերը վերլուծում, հետևություններ անում են: Ժաննա Անդրեասյանը հիշեցնում է՝ եթե դպրոցում անձնակազմի տասը տոկոսը դասի չհաճախի, նորից հեռավարի կանցնեն:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Մեր որդեգրած մոտեցումը, որ ոչ թե գնանք տոտալ, համատարած փակել, բացել և նման գործընթացների, այլ ունենանք իրավիճակային մոտեցում, որ եթե կա դպրոց, որտեղ կա խնդիր, ապա դպրոցը ժամանակավոր հեռավար ռեժիմով է աշխատում, բայց միևնույն ժամանակ բոլոր այն դպրոցները, որտեղ նման խնդիրներ չկան, ունեն հնարավորություն շարունակել առկա ուսուցումը:
Փոխնախարար Անդրեասյանը ներկայացրեց նաև դպրոցներում ուսուցիչների պատվաստման ցուցանիշը, նշելով՝ մանկավարժների մոտ 80 տոկոսն արդեն առաջին դեղաչափով պատվաստվել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին հորդորել է խուսափել կրթական հաստատությունները փակելուց: