Եվրոպական միությունը նոր առցանց հարթակ է գործարկել Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների և երիտասարդների համար, հայտնում է 24 канал-ը։
Նոր euneighbourseast.eu կայքում հավաքված է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև համագործակցության մասին ամբողջական տեղեկատվությունը։
Այստեղ կարելի է գտնել նորություններ, հոդվածներ և գործնական տեղեկատվություն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի մասին: Բովանդակությունը հասանելի է ութ լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, ռումիներեն և ուկրաիներեն:
Նշվում է, որ կայքի թիմը օրական կտրվածքով դիտարկում է եվրոպական նախագծերի ավելի քան հարյուր կայքեր և հարթակներ և լուրերը թողարկում իրական ժամանակում։ Կայքում հայտնվում են նաև ամենօրյա թարմացումներ տարբեր հնարավորությունների մասին՝ դրամաշնորհներ, կրթաթոշակներ, սեմինարներ, մրցույթներ, դասընթացներ: