ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Վախթանգ Աբրահամյանը ներկայացրել է քարտային ենթակառուցվածքների վիճակագրությունը, անդրադարձել քարտային գործարքների քանակական և գումարային ցուցանիշներին: 2018 թ. շուրջ 3 մլն գործարք է իրականացվել արտասահմանյան քարտերով, շուրջ 2 մլն գործարք՝ դրսում հայաստանյան քարտերով և շուրջ 33 մլն գործարք՝ հայաստանյան քարտերով Հայաստանում:
2021 թ. առաջին կիսամյակում գրեթե կրկնապատկվել են գործարքները. արդեն շուրջ 33 մլն գործարք է կատարվել: 2021 թ. առաջին կիսամյակում առցանց հարթակում շուրջ 300 մլրդ դրամի քարտային գործարքներ են եղել: Ցուցանիշը չի ներառում էլեկտրոնային քսակներով գործառնությունները:
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ բոլոր ուժերի հետ: Գաղափարն այն է, որ տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը: Սահմանափակումներ են նախատեսվել որոշ կանխիկ գործառնություններ իրականացնելիս: Իրավաբանական անձանց միջև կանխիկով գործառնություններ չպետք է լինեն:
Իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչև 300 հազար դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այս շարքում բացառություններ կան. պետական կամ ՏԻՄ բյուջեներից կատարվող ցանկացած վճարում պետք է բացառապես անկանխիկ լինի:
Գրավատների կողմից տրամադրվող վարկերի պարագայում սահմանվել է 20 հազար դրամի շեմ, բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկերն ու փոխառությունները եւս բացառապես անկանխիկ եղանակով պետք է տրամադրեն: Անկանխիկ պետք է լինեն նաև փաստաբանների և նոտարների մատուցած ծառայությունների դիմաց վճարումները, կրթական և բժշկական հաստատություններում կատարվող վճարումները:
Պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկել է վերանայել գրավատների դեպքում սահմանված 20 հազար դրամի շեմը, ինչը խնդրահարույց է: Հիմնական զեկուցողը նշել է, որ մեկ վարկի դիմաց միջին գործարքի թիվը գրավատներում մոտ 40 հազար դրամ է: Նախագծով առաջարկվում է դրա 50 տոկոսը: Պատգամավորը բանկային տերմինալների միջնորդավճարների նվազեցման հարցն է բարձրացրել նաև՝ նշելով, որ որոշ տնտեսվարողների դեպքում քարտով առևտուրը նախատեսում է հարկման բեռի ավելացում է:
Վախթանգ Աբրահամյանի խոսքով՝ կանխիկ գործառնությունները թե՛ անվտանգության, թե՛ ծախսի հասանելիության ու արագության առումով ավելի թանկ են: Այս դիտարկումն ընդունելի չէ Ծովինար Վարդանյանի համար: Նա անդրադարձել է վարկի տրամադրման անկանխիկ եղանակին, կարծիք հայտնել, որ էլեկտրոնային բոլոր դրամապանակները պետք է կցված լինեն որևէ հաշվի և վերահսկելի լինեն ԿԲ-ի կողմից: Արթուր Խաչատրյանն անդրադարձել է վարկերի կանխիկ տրամադրման հնարավորությանը, հեռավոր համայնքում գործող բժշկական հաստատությունում անկանխիկ վճարման գործնական խոչընդոտներին:
Արծվիկ Մինասյանը մատնանշել է անկանխիկ եղանակով գործարքի դժվարությունները, որոնք կառաջանան, օրինակ, համայնքի բնակիչների կողմից իրենց բերքը վաճառելիս: Ըստ պատգամավորի՝ այս նախագիծը պետք է քննարկումների փուլ անցնի: Արթուր Դավթյանը բարձրացրել է սնանկ ճանաչված ֆիզիկական անձի հաշիվների արգելափակման հարցը՝ նշելով, որ վերջինս չի կարող անկանխիկ եղանակով առևտուր իրականացնել, իսկ սնանկության գործընթացը կարող է երկարատև լինել: Արուսյակ Մանավազյանը կարևորել է մարզերի բնակիչների շրջանում անկանխիկ գործառնությունները խրախուսելը, ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը բազմաթիվ առաջարկներ է ստացել: Նա մասնավորապես անդրադարձել է գրավատների դեպքում սահմանված 20 հազար դրամի շեմի հարցին: Շահումով խաղերի ու խաղատների ոլորտում գործունեություն իրականացնողը, բուքմեյքերական գրասենյակները չպետք է 200 հազար դրամը գերազանցող վճարումը կանխիկ եղանակով ընդունելու իրավունք ունենան:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ օրենքի կարգավորման թիրախը, օրինակ՝ կաղամբ վաճառող քաղաքացին չէ, կան ավելի լուրջ ստվերային շրջանառություններ, որոնք պետք է կարգավորման դաշտ բերել: Գևորգ Պապոյանը համոզված է՝ նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում կլինեն առաջարկներ, այն կլրամշակվի: Նա կարևորել է ստվերի կրճատումը և վստահեցրել, որ օրենքի ընդունման հիմքում հանրային շահն է:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Քննարկվել և հավանության է արժանացել ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին» հարցը: