Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում (հուշարձանը թվագրվում է Ք․ծ․ա․ XV-XIV – Ք․ծ․ա․ VII-VI դարերով) անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։
Պեղումների ղեկավար, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ տարիների ընթացքում ամենայն հավանականությամբ դամբարանախցից զգալի քանակությամբ պերճանքի առարկաներ և զարդեր են տարվել։
Նրա խոսքով՝ ավելորդ հողակույտը հեռացնելուց հետո պարզ է դարձել, որ դամբարանը շուրջ 14 մ տրամագծով կրոմլեխ ունի (բրոնզեդարյան կառույցի տեսակ)։ Պեղումների ղեկավարի կարծիքով՝ հավանաբար դամբարանախցի մեջ անտիկ դարաշրջանում նորից թաղում են արել ու հանգուցյալի հետ խեցեղեն տեղադրել։ Թաղումը եղել է խմբային․ դամբարանի տերը պառկած էր առանձին՝ մեջքի վրա և կծկված ոտքերով, իսկ ոտքերի մոտ կար 7-8 մարդկային կմախք։
«Միանշանակ խմբային թաղում է եղել, ինչը վկայում է Սևանի ավազանում ժամանակին կատարված զոհաբերությունների մասին»,- նշում է պեղումների ղեկավարը։
Այս պեղումներից գտնված հնագիտական նյութը նույնպես կհանձնվի «Էրեբունի» թանգարանին։ Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։
Պեղումները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի՝ ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։