Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվեց կառավարության հավանությանն արժանացած «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը:
Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսված է արգելել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի, դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով:
Բացի պատգամավորներից, քննարկմանը մասնակցում էին թե՛ պետական շահագրգիռ գերատեսչությունների, թե՛ մեդիաոլորտի և թե՛ բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչներ:
Արմեն Հայրապետյան, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - 2018-2020 թվականների ընթացքում պարզվեց, որ մեզ մոտ խաղային միավոր գնելը կամ խաղադրույք կատարելը շատ արագ աճեց՝ մոտավորապես 6 անգամ: Իսկ միջին խաղացողների հաշիվների աճը՝ մոտ 3 անգամ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունն էլ ցույց է տվել, որ բուքմեյքերական ընկերությունները գովազդի վրա 2019 թվականին ծախսել են 1 մլրդ 680 մլն դրամ և. նրանց գնահատմամբ. հենց այդ չափով էլ, ընդհանուր առմամբ, գովազդ տեղադրողները և ԶԼՄ-ները կտուժեն օրենքի ընդունումից հետո:
Հայկ Կարապետյան, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ - Օրինակ՝ հեռուստատեսության մոտ 7 տոկոսը բաժին է ընկնում շահումով խաղերի գովազդին, ինտերնետ կայքերի բյուջեի 20-25 տոկոսը կազմում է շահումով խաղերի կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայություններից գոյացած հասույթը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձավ տեսակետին, թե փոփոխությունն արվում է որոշ հեռուստաընկերություներ փակվելու համար, որպեսզի իշխանությանը չքննադատեն:
Տիգրան Հակոբյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ - Այն լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները, որոնք զուտ քարոզչական ֆունկցիա ունեն ոչ թե մարդկանց իրազեկման՝ ամբողջ գովազդն էլ արգելեն հեռուստաընկերություններում, նրանք կգործեն, որովհետև նրանք սնվում են այլ աղբյուրներից և այդ աղբյուրները դեռ երկար կսնուցեն այդ հեռուստաընկերությունները:
Մեդիաոլորտի ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, նշեցին, որ այս որոշման ընդունման պարագայում եկամուտներն էականորեն կնվազեն, հիմնական փողն այդ ոլորտից է գեներացվում: Առաջարկեցին՝ որպես փոխհատուցում վճարովի դարձնել պետության կողմից տրամադրվող սոցիալական գովազդները:
Հրաչյա Քեշիշյան, ATV հեռուստաընկերության տնօրեն - Այս օրենքի ընդունումը կարող է շատ վնասակար ազդեցություն ունենալ գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում, որովհետև մենք իսկապես պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես են լինելու մեր զարգացման պլանները:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը քննարկումն ամփոփելուց նշեց, որ դեռ պետք է լրացուցիչ ուսումնասիրել դաշտը և հնչած առաջարկները:
Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Եթե կարող ենք վերջում ունենալ ավելի լավ օրենք, ավելի կոմպլեքս, որը կարող է միայն գովազդով չսահմանափակվել՝ պատասխանատու խաղերով կամ սոցիալական գովազդով փաթեթային ընդհանուր մի բան մտածենք, այդդ տարբերակն ընդունելի կլինի: Այնպես որ, մենք բոլորիդ ուշադիր լսել ենք, որևէ մեկիդ կարծիքը այսպես ուղղակի ականջի կողքով չենք անցկացրել, հավատացած եղեք, որ այս քննարկումը ձևական չէ:
Նախագիծը կառավարության հավանությանն էր արժանացել սեպտեմբերին 16-ին և այս պահին արդեն շրջանառվում է Ազգային ժողովում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան