44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը: Խորին ցավակցություն հայտնելով անցած տարի ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքներին՝ Վաշինգտոնը կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:
Հայտարարության մեջ նաև կոչ է արվում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման դեպքերը: «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի նպաստման գործին»: Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հիմնախնդիրների համար»,- ասված է հայտարարությունում: