Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցը այսօր շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեում էր: Տեսուչները ստուգում են հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Աշոտ Խարբերդյան (ԱԱՏՄ տեսուչ) - Մենք հիմա նայում ենք ախտահանման մատյանը, որովհետև ստեղ ինձ անծանոթ լուծույթով է իրականացվել, ես հրավիրեցի մասնագետին, սա ինչ ախտահանման միջոց է:
Ախտահանման միջոց, դիմակի կրում, աշխատակիցների ՊՇՌ թեստավորումն ու պատվաստումը հավաստող մատյաններ. տեսուչները սենյակից սենյակ են անցնում, ստուգում, պարզում:
Անտառային կոմիտեի աշխատակիցների 73 տոկոսը պատվաստվել է՝ տվյալները հայտնում է ժամանակավոր պաշտոնակատարը:
Պավել Ցուգունյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» կոմիտեի նախագահի պաշտոնակատար) - Թեստերը ներկայացնում են, պահպանում ենք կանոնները, ուղղակի ունենք տարիքային մարդիկ, ովքեր թրոմբ-բան ունեն, դրա համար նրանք թեստ են հանձնում:
Անտառային կոմիտեից՝ «Հայանտառ» ՊՈԱԿ, մշտադիտարկումը նույնն է, պահանջը՝ անփոփոխ՝ դիմակ դնելը պարտադիր է, պատվաստված լինելը վիրուսին հաղթելու լավագույն տարբերակը, հիշեցնում են տեսուչները:
Արթուր Պետրոսյան (Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ) - Այս պահի դրությամբ կոմիտեի 23 աշխատակիցներից 22-ը երկու դեղաչափով պատվաստվել են, մեկը բժշկի ցուցումով չի պատվաստվել:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 8-ը 3801 ստուգայց է իրականացրել, կազմել 204 արձանագրություն՝ 6.5 միլիոն դրամ տուգանքի չափով: