Այսօր հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Օրակարգում մեկ հարցի քննարկում է եղել՝ «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը:
Նախքան օրակարգային հարցին անցնելը Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձ է կատարել օրվա տարելիցի առիթով՝ ընդգծելով հայրենիքի նվիրյալների անուրանալի սխրանքն ու նրանց թողած պատգամը. «Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է՝ ապրել, արարել, հզորանալ, այս հողի վրա: Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև մեր հերոսների անունն ու գործը»:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:
Իր խոսքում խորհրդարանի ղեկավարը դատապարտել է նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմի հերթական սադրիչ և հանցավոր գործողությունը՝ ուղղված խաղաղ բնակչությանը:
Խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին»:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի հետևանքով բռնազավթել է հանրապետության տարածքի մեծ մասը:
Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:
Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածների հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:
Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում»: