Բելգիայի Անտվերպեն քաղաքում Սուրբ Վիլիբրորդուս եկեղեցին դռներն էր բացել ֆլամանդացիների համար՝ հիշեցնելու մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության և որպես դրա անպատժելիության հետևանք՝ Արցախյան վերջին պատերազմի մասին։ Ցուցահանդեսի հեղինակը ֆլամանդացի հետաքննող լրագրող Ենս դը Ռիկեն է, որը Հայ դատի հանձնախմբի հրավերով երկու անգամ այցելել է Հայաստան և Արցախ՝ 2019 թվականի ապրիլի 24-ին և Արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները շատ կարևոր են, քանի որ լրացնում ու էլ ավելի զորավոր են դարձնում քաղաքական հարթակում տարված պայքարը։ Իսկ ֆլամանդացի լրագրող դը Ռիկեն ասում է՝ ավերված Արցախը տեսնելը ևս մեկ ապացույց է, որ հայերին բնաջնջելու թուրք-ադրբեջանական ցանկությունն առավել քան արդիական է։ Ինքն էլ իր հերթին ցուցահանդեսների և հոդվածների միջոցով ուզում է իրազեկել մարդկանց՝ ապագայի ցեղասպանությունները կանխելու նպատակով։
Եվրոպայում այսօր շատերը գիտեն Լիբիայի, Սիրիայի հակամարտությունների մասին, բայց երբ տալիս եք Լեռնային Ղարաբաղի անունը, դա նրանց շատ բան չի ասում։ Ինձ համար շատ կարևոր էր լույս սփռել արցախյան հակամարտության վրա: Մարդիկ պետք է իմանան հայերի մասին, որոնք ապրում են Արցախում՝ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների ներքո: Այդ մարդիկ ինքնորոշման իրավունք ունեն: Իմ առաքելությունը և այս ցուցահանդեսի նպատակը մարդկանց Արցախի և այնտեղ ապրող մարդկանց մասին տեղեկացնելն են։
Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում զգալի դեր ունեցած Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Պիթեր դը Ռուվը ցուցահանդեսի բացմանն էր եկել՝ ևս մեկ անգամ իր զորակցությունը հայտնելու։
Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա նման ցուցահանդեսների շնորհիվ Բելգիայում մարդիկ բացահայտում են Հայաստանը և ԼՂ հակամարտությունը, քանի որ, ցավոք, այստեղ՝ Բելգիայում, այդ մասին ոչ ոք չի խոսում։ Դա ինչ-որ առումով մոռացված պատերազմ է, մոռացված տարածաշրջան մեր ժողովրդի համար:
Անիի ավերակներից մինչև Արցախի ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճար: Ցուցահանդեսը հայի ճակատագրի հայելին է։ Նախաձեռնությանն աջակցել է Առաջին աշխարհամարտի օրերին ստեղծված ֆլամանդական VOS խաղաղության ասոցիացիան: Նպատակը մեկն է՝ անել հնարավոր ու անհնար ամեն ինչ համաշխարհային խաղաղության համար։ Ասոցիացիայի ղեկավար Դոմինիկ Պոտերսի խոսքով՝ Արցախյան պատերազմի օրերին ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ Հայոց ցեղասպանությունը դեռևս չսպիացած վերք է:
Դոմինիկ Պոտերս (ֆլամանդական VOS խաղաղության ասոցիացիայի ղեկավար) - Փոքր մի երկիր վերացնելու՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի համատեղ ջանքերը մեզ ևս մեկ անգամ սթափեցրին: Մտածեցի, Աստված իմ, ինչո՞ւ միջազգային հանրությունը չի արձագանքում: Նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են ցույց տալու համար Հայոց Ցեղասպանության և Արցախյան վերջին պատերազմի միջև անմիջական կապը:
Ցուցահանդեսը շրջելու է ֆլամանդական մի քանի քաղաքում, իսկ հետաքննող լրագրող Ենս դը Ռիկեն Հայոց ցեղասպանության և շատ եվրոպացիների կողմից անտեսված Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջև առկա անմիջական կապի վերաբերյալ իր վերլուծությունները մոտ ապագայում գրքի տեսքով կհանձնի ընթերցողի դատին։