ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ ՄՈՒՂԱԼԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱԿՆՈՑՆԵՐ
Ադամանդե և զմրուխտե ոսպնյակներ ունեցող Մուղալական դարաշրջանի ակնոցները Լոնդոնի «Սոթբիում» հանվել են աճուրդի: Ակնկալվում է, որ դրանք միասին կվաճառվեն 3.5 միլիոն դոլարով: Ակնոցները պատվիրել է 17-րդ դարի արքայազներից մեկը, որի անունը հայտնի չէ: Այդ ժամանակահատվածում մարդիկ համոզված են եղել, որ թանկարժեք քարերը մարդու մեջ խթանում են հոգևոր լույսը:
Ակնոցներն անուններ ունեն, դրանցից մեկը կոչվում է «Դրախտի դարպաս», դրա ոսպնյակները զմրուխտից են և տեղադրված են ադամանդե շրջանակի մեջ, իսկ ադամանդե ոսպնյակներով ակնոցը կոչվում է «Լուսապսակ»: Դա նույնպես ադամանդակուռ շրջանակ ունի: Ամենայն հավանականությամբ, ոսպնյակները պատրաստվել են 17-րդ դարում, իսկ շրջանակները՝ 19-րդ:
ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՌՈՅ («ՍՈԹԲԻ» ԱՃՈՒՐԴԻ ՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ) - Իրականում այս ակնոցների հետ կապված շատ պատմություններ կան: Զմրուխտը 17-րդ դարում բերվել է Կոլումբիայից, պորտուգալական առևտրական նավերի միջոցով և հասել է Մուղալների կայսրություն: Մուղալները թանկարժեք քարերի մեծ սիրահար են եղել:
Իսկ ադամանդներն ստացվել են Հնդկաստանի Գոլկոնդայի հանքերից: Բնական քարերը 2-3 հարյուր կարատանոց են եղել, սակայն հետագայում՝ 19-րդ դարում, վերամշակվել են, նոր դիզայն են ստացել, որպեսզի համապատասխանեն ակնոցների շրջանակի տեսքին: Ակնոցները, թեև շատ հայտնի են պատմաբանների շրջանում և դրանց մասին հանրությունն իմացել է դեռևս անցած դարի 80-ական թվականներից, առաջին անգամ է, որ հանվում են աճուրդի:
ԻՐԱՔ
ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս գտնվող Թալ Քեյֆ բնակավայրում ապրող 60-ից ավելի երիտասարդ աղջիկները, որոնք տարբեր կրոնների են դավանում, ուրբաթ և շաբաթ օրերին մասնակցում են թեքվանդոյի պարապմունքների: Նրանք սովորում են, թե ինչպես ինքնապաշտպանվել և ավելի ինքնավստահ դառնալ:
ԱԹՐԱ ԱՄԱՆՈՅԵԼ (ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ) - Այս պարապմունքներն ինձ ինքնավստահություն են տալիս, կարողանում եմ հաղթահարել վախերս և այն մտքերս, որ ունենում էի Մոսուլից վերադառնալուց հետո: Այստեղ գալով ինձ ավելի ուժեղ եմ զգում և կարող եմ պաշտպանել ինձ ու իմ ընտանիքին, եթե Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի:
Պարապմունքներն անցկացվում են «Բատնայա» երիտասարդական կենտրոնում: Աղջիկներին սովորեցնում են, թե ինչպես պետք է հարվածել ոտքով, բռունցքով, թե ինչպես կարող են արգելափակման մեջ առնել հակառակորդին կամ իրենց վրա հարձակվողին: Մարտարվեստի պարապմունքները ֆինանսավորում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը:
ԵԳԻՊՏՈՍ
ՎԵՐԱՊԱՏԿԵՐԵԼՈՎ ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍԸ. ԲՈՒՐԳԵՐԻ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եգիպտական արվեստի «Արտ դը Իջիփթ» կոչվող նախաձեռնության ջանքերով անցկացվել է միջազգային ժամանակակից արվեստի գործերի ցուցադրություն, որտեղ իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել Գիզայի բուրգերը, ավելի ճիշտ, դրանց իրական չափսերի քանդակները:
Ընդհանուր առմամբ, իրենց աշխատանքներն է ցուցադրել ութ արվեստագետ արտասահմանից և երկուսը` Եգիպտոսից: Նրանց թվում են իտալացի հայտնի քանդակագործ և նախկին դերասան Լորենցո Քուինը, ամերիկացի ժամանակակից նկարիչ Գիզելա Կոլոնը, ուկրաինացի վիզուալ նկարիչ Ալեքսանդր Պոնոմարևը և եգիպտացի հայտնի նկարիչ Մոատազ Նասրը:
ՆԱԴԻՆԵ ՂԱՖԱՐ (ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԻՄՆԱԴԻՐ) - Ցուցահանդեսը կրում է «Ընդմիշտը հիմա է» խորագիրը: Մինչև հիմա չենք հավատում, որ այս ամենը տեղի է ունենում: Սա երազանքի պես մի բան էր, անիրական էր թվում: Մենք կարողացանք այսքան մարդու հավաքել մեկ վայրում, նրանք ժամանել են Բրազիլիայից, Իտալիայից, ամբողջ աշխարհից: Ինչպես տեսնում եք, սրանք հսկայական քանդակներ են: Որոշները պատրաստվել են Եգիպտոսի գործարաններում: Արվեստագետներն արդեն 10 օր են անցկացրել Եգիպտոսում:
Ցուցահանդեսին իրենց աշխատանքներով մասնակցող արվեստագետները վստահեցնում են, որ այս միջոցառումը կարողացել է համախմբել իրենց: Ասում են, որ հավաքվել են մի վայրում, որտեղից իրականում սկիզբ է առել քաղաքակրթությունը: Հիմա, ասես, վերածնունդ են ապրում, քանի որ մեկ ու կես տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով արվեստագետներն իրարից բաժանված են եղել:
ԳԵՐՄԱՆԻԱ
ԲԵՂԵՐԻ ԵՎ ՄՈՐՈՒՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Բավարիայում անցկացվել է բեղերի և մորուքների ամենամյա մրցույթը, որի ընթացքում ներկայացվել են բոլոր չափսերի և ձևերի բեղ-մորուքներ: Մոտ հարյուր մասնակիցներն իրենց ուժերն են փորձել տարբեր անվանակարգերում, այդ թվում` «Դալիի բեղեր», «Ազատ ոճի բեղեր», «Բնական մորուք», և այլն:
Բեղ-մորուքի մրցույթը միջազգային միջոցառում է, կան մասնակիցներ տարբեր երկրներից: «Կայսերական բեղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռալֆ Շուլցը, որն արդեն 7 տարի մասնակցում է այս մրցույթին:
ՌԱԼՖ ՇՈՒԼՑ («ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԲԵՂ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ ՀԱՂԹՈՂԸ) - Առաջին անգամ է, որ ինձ հաջողվեց հաղթել: Բազմիցս մասնակցել եմ այս մրցույթին, սակայն երբեք որևէ տեղ չեմ զբաղեցրել: Անչափ երջանիկ եմ, որ այս անգամ կարողացա առաջինը լինել:
Կարլ Մուսբերգերը, որին չի հաջողվել առաջ անցնել Ռալֆից, դժգոհում է, որ իր բեղերը լավ և արագ չեն աճում, այդ պատճառով էլ չի կարողացել դրանց տալ այն ձևը, որը ցանկացել է:
ԻՐԱՔ
ԲԱՍՐԱՅԻ ԳՐՔԻ ԱՌԱՋԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
Ամբողջ աշխարհից ավելի քան 250 հրատարակչության ներկայացուցիչներ են հավաքվել Իրաքի Բասրա քաղաքում` մասնակցելու այնտեղ կազմակերպված գրքի առաջին միջազգային տոնավաճառին: Ներկայացվել է ավելի քան մեկ միլիոն անուն գիրք: Ընթերցասերներին առաջարկել են տարբեր ժանրերի վեպեր, նաև ոչ գեղարվեստական գրքեր, որոնք քաղաքական, տնտեսական, կրոնական և գիտական թեմաներով են: Հրատարակիչներն այս միջոցառման շրջանակում կարողանում են ոչ միայն գրքեր վաճառել, այլև հանդիպել իրար հետ, շփվել և փորձի փոխանակում անել:
ՄՈՒՆԹԱՀԱ ՕՄՐԱՆ (ԻՐԱՔՑԻ ԳՐՈՂ) - Սա մշակութային, գրական և գիտական առումով փորձի փոխանակում է ինչպես արաբ, այնպես էլ իրաքցի հրատարակիչների համար: Որպես գրող, ես հույս ունեմ, որ իմ գրքերը կկարդան արաբական երկրներում, և վստահ եմ, որ արաբ հեղինակներն այստեղ` Բասրայում, նույնպես կգտնեն իրենց ընթերցողներին:
Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով էլեկտրոնային գրքերը լայն մասսայականություն էին սկսել վայելել ամբողջ աշխարհում, ոլորտի մասնագետները շարունակում են համոզվել, որ անկախ ամեն ինչից, թղթից պատրաստված գրքերի պահանջարկն ամբողջ աշխարհում, ամեն դեպքում, չի նվազել:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
«ԿԱՂԱՄԱՐԻ ԽԱՂԻ» ՏԻԿՆԻԿԸ ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ
«Նեթֆլիքսի» համաշխարհային հիթ դարձած «Կաղամարի խաղը» սերիալի հարավկորեացի երկրպագուները հավաքվել են Սեուլի Օլիմպիական զբոսայգում` տեսնելու շոուում ներկայացված տիկնիկի արձանը:
Յանգհին տիկնիկի 4-մետրանոց արձան է, նարնջագույն և դեղին հագուստով: Տիկնիկն այս վայրում կցուցադրվի մոտ մեկ ամիս: Զբոսայգու այցելուները մեծ հաճույքով են լուսանկարվել իրենց սիրելի շոուի հերոսուհու հետ: Ոմանք նույնիսկ փորձել են խաղալ «Կաղամարի խաղից»:
ՀԱՅ-ՋԻՆ ՍԱՆԳ (ՍԵՈՒԼԻ ԲՆԱԿԻՉ) - Ես իսկապես ցանկանում էի հասկանալ, թե ինչ է մարդ զգում խաղի մեջ: Մենք հիմա, ասես, խաղի մեջ լինենք: Շոուի երաժշտությունն ենք լսում, տիկնիկին ենք տեսնում:
«Կաղամարի խաղը» սերիալը սեպտեմբերի 17-ի պրեմիերայից ի վեր, 142 միլիոն դիտում է ունեցել: «Նեթֆլիքսի» հավաստմամբ՝ դրա շնորհիվ իր բաժանորդների թիվն ավելացել է 4 միլիոն 380 հազարով:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇԸ
Աճուրդի է հանվել աշխարհի առաջին նամականիշի՝ «Փենի Բլաքի» օրինակներից մեկը: Մեծ վաճառքով զբաղվում է «Սոթբի» աճուրդի տունը: Նամականիշը գնահատված է ավելի քան 8 միլիոն դոլար:
Սակարկություններն աշխարհահռչակ աճուրդի տանը կայանալու են դեկտեմբերի 7-ին։ Այդ նմուշը մինչև այժմ հայտնի պաշտոնապես վավերացված առաջին նամականիշն է աշխարհում, որից ընդամենը երեք օրինակ է պահպանվել. մյուս երկուսը Բրիտանիայի փոստային թանգարանում են։
Աճուրդի հանվող նամականիշի սեփականատերը բրիտանացի գործարար և ֆիլատելիստ 75-ամյա Ալան Մանֆրեդ Հոլյոաքն է՝ բրիտանական նամականիշների ու փոստային պատմության մասնագետ։
ԱԼԱՆ ՄԱՆՖՐԵԴ ՀՈԼՅՈԱՔ (ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ) - Աճուրդի գինը ֆունտ ստեռլինգով կսահմանվի չորսից մինչև վեց միլիոն: Ես հիասթափված կլինեմ, եթե վերջնական գինը չգերազանցի այդ արժեքը, քանի որ սա համաշխարհային խորհրդանիշ է, այն աշխարհի առաջին նամականիշն է: Ինձնից երեք տարի պահանջվեց՝ այս նամականիշի մասին ամբողջական տեղեկություն հավաքելու համար:
Բրիտանիայի Վիկտորիա թագուհու դիմանկարով նամականիշը թողարկվել է 1840 թվականին։
ՉԵԽԻԱ
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՀԵԼՈՈՒԻՆ Է ՆՇՈՒՄ
Չեխիայի Դվուր Կրալովե Նադ Լաբեմ քաղաքի կենդանաբանական այգու բնակիչների համար Հելոուինը ժամանակից մի փոքր ավելի շուտ է եկել: Փղերը, սկյուռիկները և շիմպանզեները մեծ հաճույքով դդում են վայելում: Փղերը նախ կնճիթով կոտրում են այն, հետո մեծ-մեծ կտորներով խժռում: Կենդանիների մի մասն էլ փորձում է գտնել դդում-լապտերների մեջ խնամքով թաքցված կերակուրները, որպեսզի անուշ անեն:
Կենդանաբանական այգու աշխատակիցներին օգնել են այգու այցելուներից մի քանիսը. միասին են կտրել-փորել ու ձևավորել դդումները, որպեսզի դրանցով զարդարեն այգու տարածքը, որ կարողանան տոն պարգևել նաև կենդանիներին:
Չեխիայի կենդանաբանական այգում Հելոուինը նշում են մեկ շաբաթ, այդ ընթացքում այգու այցելուների թիվը կտրուկ ավելանում է: Նրանք վստահեցնում են, որ այդ օրերին այգին շատ ավելի գեղեցիկ ու գրավիչ տեսք է ունենում, քան նույնիսկ ամռանը: