Ջրմուղ-կոյուղու բրիգադը երեկ Շուշիի խաչմերուկում աշխատում էր ռուս խաղաղապահների հենակետ տանող ջրատարի վրա՝ անմիջապես ավտոճանապարհին մոտ, խաղաղապահների դիրքից մոտ 400 մետր հեռավորության վրա: Ընկերության տնօրենի խոսքով՝ այն վնասվել էր Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի լուսավորության համար կատարվող շինարարության ժամանակ:
Գագիկ Պողոսյան, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն - Աշխղեկը, վարորդը և 3 աշխատակից բարձրացել են վերև, երկու խմբի բաժանվել ու սկսել աշխատել:
Վիրավորների վկայությամբ՝ աշխատելուց մոտ մեկ ժամ անց ջրմուղ-կոյուղու և լուսավորությունն ապահովող մասնագետներին վազելով մոտեցել է ադրբեջանական բանակի մեկ զինված ծառայող: Վերջինս, հավանաբար ադրբեջաներենով գոռգոռալով, ատրճանակով կրակ է բացել ջրատարի վրա աշխատող քաղաքացիական անձանց վրա:
Գևորգ Մելքումյան, տուժող - Հագին եղել է զրահաբաճկոն, սաղավարտ, ծնկների համար նախատեսված պլաստմասսայե պաշտպանիչներ, դեղնագույն երակարաճիտք կոշիկներ, ավտոմատ, պահեստատուփեր և ատրճանակ:
Գագիկ Ղազարյան, տուժող - Ուզում էր ավտոմատով կրակել, հետո այն իջեցրեց և ատրճանակը հանեց, երիտասարդի գլխին կրակեց, հետո՝ Գևորգին, հետո՝ Արմենի պարանոցին: Վազելով դեպի ինձ եկավ, էքսկավատորն արդեն աշխատում էր, աստիճանների վրա կռացել եմ ու գոռգոռալով ասել՝ մի՛ կրակիր, չենք աշխատում, գնում ենք:
Բժիշկների գնահատմամբ՝ վիրավորներից երկուսի վիճակը միջին ծանրության է, երրորդը կայուն ծանր վիճակում է: Վիրահատություններն անցել են հաջող, այժմ հիվանդները հսկողության տակ են:
Գրիգորի Առստամյան, Ստեփանակերտի ԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ - Երկուսին անհրաժեշտ է եղել շտապ կարգով վիրահատություն կատարել, որը և իրականացվել է: Մեկի մոտ պարանոցի վնասում էր, զարկերակն էր վնասվել, մյուսի մոտ կրծքավանդակի ոչ թափանցող վիրավորում էր՝ հրազենային և ձախ նախաբազկի վիրավորում՝ ոսկրի կոտրվածքով: Երրորդ վիրավորի մոտ կատարվել է վերքի վիրաբուժական մշակում, որն էլի կրծքավանդակի հատվածում էր:
Տեղի ունեցածը Արցախի դատախազությունը որակել է ահաբեկչություն՝ քրեական գործ հարուցելով մի քանի հոդվածով: Արցախի արտաքին գործերի նախարարն էլ նշել է՝ կատարվածը հայատյացության և ֆաշիզմի հերթական դրսևորումն է: