2021 թ. նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման մեկ տարին: Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և գործարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։ Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են իրենց հանձնառությունը դրա բոլոր դրույթների հետագա իրականացման և անվերապահ պահպանման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը զգալի ներդրում է ունենում տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում, ինչը գնահատում են Ադրբեջանում և Հայաստանում։
ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ 2020 թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 ռազմագերի և պահվող անձինք, որոնցից Հայաստանին է վերադարձվել 105, Ադրբեջանին՝ 17 մարդ: Բացի այդ, ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի երեք քարտեզ։
«Ռուսական խաղաղապահ զորակազմն ակտիվորեն ներգրավված է խաղաղ կյանքի կարգավորմանը: Պարբերաբար մարդասիրական օգնություն է հասցվում տարածաշրջան, ականազերծվում են տարածքներ (2020 թ. նոյեմբերից ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 2311,5 հա տարածք և 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա): Վերականգնվում են կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Իրենց տներ են վերադարձել մոտ 53 հազար փախստականներ,- ասված է հայտարարության մեջ։ - Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թ. դեկտեմբերից մինչև այս տարվա հունիս տարածաշրջան է տեղափոխել 1581 տոննա հումանիտար բեռ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ տեխնիկա, առաջին անհրաժեշտության առարկաներ) և 800 տոննա շինանյութ: Իրականացվել են մարդասիրական ականազերծման աշխատանքներ»։
Նշվում է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել մնացած հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար, ներառյալ՝ պահվող բոլոր անձանց ազատ արձակումը, բոլոր անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանը և զոհվածների աճյունների փոխանցմանը նպաստելը և ականապատ դաշտերի հավաստի քարտեզների տրամադրումն ամբողջ ծավալով: Արդիական է նաև պատմամշակութային և պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը։
«Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, որոնք ձևակերպվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թ. հունվարի 11-ի հայտարարության մեջ: Բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Ընդգծում ենք հավասարակշռված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
Կարևորվում են հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը՝ հետագա սահմանագծման նպատակով: Պատրաստակամություն է հայտնվում ցուցաբերելու անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն:
«Կարևոր ենք համարում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: Կարևոր է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ներդրումը»,- նշվում է հայտարարության մեջ:
Պատրաստակամություն է հայտնվում ամեն կերպ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման հարցերի լայն շրջանակի՝ բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը: Նշվում է, որ ՌԴ-ն պատրաստ է նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությանը՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով:
Ըստ հայտարարության՝ ՌԴ-ն հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին: