Նոյեմբերի 8-ին Լյուբլյանայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակը։ Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ են եղել նաև Մարդու իրավունքների վարչության պետ Նատաշա Բերգելի, միջազգային կազմակերպությունների վարչության պետ Բարբարա Կրեմժարի և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Ռոկ Տոմշիչի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանը։
Կողմերը քննարկել են ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահությամբ անցկացվելիք ԱլԳ նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ համատեքստում կարևորվել Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը հիմնախնդրի տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: