ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է պատերազմից դասեր քաղելու, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման մասին:
«Մենք պետք է իրոք դասեր քաղենք այն 30 տարվա մեր անցած ճանապարհից, որը մեզ բերեց այս հրադադարի համաձայնագիրը: Չեմ ուզում գնահատականներ տալ, որովհետև գնահատականները հայտնի են: Կարծում եմ, որ սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է վերաիմաստավորել և գնալ առաջ արդեն մեր սխալների վրա վերլուծություն անելուց հետո»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը խոսեց նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման կարևորության մասին:
«Կարծում եմ՝ այդ աշխատանքը շատ կարևոր է, և այդ արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ մեր պետության ապագայի համար: Հանձնաժողովը միանշանակ գործելու է, հանձնաժողովի գործունեությունը կսկսվի շուտով, երբ կհասկանանք, որ հանձնաժողովի աշխատանքի համար որևիցե տեխնիկական խթան գոյություն չունի: Այդ հանձնաժողովը միանշանակ աշխատելու է»,- ասաց ԱԺ նախագահը: