Ֆրանսիայի ՆԳՆ-ն չի բացառում, որ Կաննում ոստիկանական պարեկային ծառայության վրա ահաբեկչություն է կատարվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով աղբյուրներին։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հարձակվողը, որի ինքնությունը պարզվում է, մոտեցել է Կաննի կենտրոնական կոմիսարիատի մոտ կայանած ոստիկանական մեքենային, բացել է մեքենայի դուռը և փորձել դանակով հարվածել երկու ոստիկանին: Նրանցից մեկը կրակել է հանցագործի վրա ու վիրավորել: Զրահաբաճկոնի շնորհիվ դանակահարված ոստիկանը չի տուժել։
Ըստ AFP-ի՝ հարձակվողը գործողության ժամանակ նշել է մարգարեի անունը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ դեպքի կապակցությամբ մեկնում է Կանն։
Հարձակումը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների տարելիցից ընդամենը օրեր առաջ։ Այն ժամանակ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները պատանդ էին վերցրել «Բատակլան» համերգասրահի հանդիսատեսին և հարձակվել սրճարանի այցելուների վրա՝ սպանելով 130 մարդ։ Ավելի քան 430-ը վիրավորվել էր։
Սեպտեմբերին ֆրանսիական դատարանը սկսել է հարձակումների գործով լսումները: