Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 20 տարի առաջ «Պոպլավոկ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբերյալ վերաբացված գործով դատական նիստը:
Այս գործով, ինչպես և 20 տարի առաջ, մեղադրյալ է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ Նիստը սկսվելուն պես նրա պաշտպան Ռոբերտ Բեջանյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության հիմքով դադարեցնել և գործի վարույթը կարճել:
Ռոբերտ Բեջանյան (Աղամալ Հարությունյանի պաշտպան) - Իմ պաշտպանյալի կողմից կատարված արարքը եղել է անզգույշ հանցագործություն, ներկա պահին նրա մեղադրանքը նույնպես անզգույշ հանցագործություն է, որը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, և դրա համար նախատեսվում է երեք տարի ժամկետով վաղեմություն:
Վերաքննիչ դատարանն ամիսներ առաջ բավարարել էր դատախազության բողոքը և բեկանել 2002 թվականին դատապարտված Աղամալ Հարությունյանի դատավճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության։ Այդ գործի շրջանակում Հարությունյանը հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Սրճարան Շառլ Ազնավուրի և Ռոբերտ Քոչարյանի այցի ժամանակ «Պրիվետ, Ռոբ» արտահայտության համար երկրորդ նախագահի թիկնազորի անդամները Պողոսյանին տարել էին սրճարանի զուգարան, որտեղ էլ 44-ամյա տղամարդն սպանվել էր:
Հեղափոխությունից հետո դատախազությունը գործի վերանայման վարույթ էր հարուցել ականատես վկաների, մասնավորապես՝ Սթիվեն Ջոն Նյուտոնի վկայությունների հիման վրա, որից հետո բողոք էր ներկայացրել դատարան՝ դատավճիռը բեկանելու պահանջով։ Ըստ դատախազության՝ նոր հանգամանքները վկայում են Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին։
Այժմ Աղամալ Հարությունյանի պաշտպանը դատարանում պնդում է, որ Նյուտոնի վկայությունը նոր ի հայտ եկած հանգամանք չէր կարող համարվել: Պաշտպանի՝ գործը կարճելու միջնորդության դեմ, սակայն, առարկեցին թե՛ մեղադրող, թե՛ տուժող կողմերը:
Հայկ Խաչատրյան (մեղադրող դատախազ) - Փաստական տվյալների գնահատման արդյունքում Վերաքննիչ դատարանը արձանագրել էր, որ Սթիվեն Նյուտոնի ցուցմունքը Ստեփան Նալբանդյանի ցուցմունքի հետ համադրության մեջ առնվազն վկայում են այն մասին, որ գործն ըստ էության քննելիս՝ 2002 թվականի դրությամբ, դատարանին անհայտ են մնացել այնպիսի էական հանգամանքներ, որոնք նոր քննության անհրաժեշտություն են պահանջում, և արձանագրել էր, որ այդ հանգամանքների առկայության պայմաններում կասկածի տակ է դնում, ըստ էության, 2002-ի դատական ակտի իրավաչափությունը:
Նշենք, որ գործով առանցքային վկա, սպանված Պողոսյանի ընկեր Ստեփան Նալբանդյանը մահացավ այս տարի հունվարին՝ 62 տարեկան հասակում, սրտի կաթվածից: Ըստ մեղադրողի՝ քանի որ այդ քննությունы դեռևս ամբողջ ծավալով չի իրականացվել, այս փուլում գործը կարճելու միջնորդության լուծումը վաղաժամ է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը, միանալով մեղադրողի դիրքորոշմանը, միաժամանակ նշեց, որ դատախազը պետք է հնարավորություն ունենա ապացույցները հետազոտելուց հետո փոփոխել մեղադրանքը: Դատարանը լսելով կողմերին՝ որոշեց հետաձգել միջնորդության լուծումը, նշեց՝ դրան կանդրադառնա մինչև դատավճիռը:
Դատարանի որոշումից հետո Աղամալ Հարությունյանի պաշտպանը ժամանակ խնդրեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Հաջորդ նիստը կշարունակվի երկու օր հետո:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան