ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՌԴ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՐԱՅՆԱՑՈՒՄԸ
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված է եղել դեռ 2020 նոյեմբերի 9-ին: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ռուսական կողմի դիրքորոշման հանրայնացումը և ընդգծել՝ Մոսկվան այս հարցի շուրջ երբեք էլ այլ տեսակետ չի ունեցել, ինչպես և բանակցային գործընթացի այլ մասնակիցները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պիտի արձանագրենք, որ ՌԴ դիրքորոշումը պարզապես հանրայնացվել է, ավելի ճիշտ՝ ոչ թե ՌԴ դիրքորոշումը, այլ այդ թվում՝ Ադրբեջանի դիրքորոշումը:
Նախորդ շաբաթ Հայաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր՝ տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր գործարկման պարագայում ապաշրջափակված և նորաստեղծ ճանապարհները համարվելու են այն երկրի ինքնիշխանության գոտի, որի տարածքով անցնելու են: 2021 թվականի մեկնարկից մինչ հիմա երեք երկրների փոխվարչապետների ղեկավարած աշխատանքային խումբն անցկացրել է 8 հանդիպում:
Նիկոլ Փաշինյան - Աշխատանքային խումբը գրել է բոլոր հնարավոր երթուղիները: Մենք հիմա պետք է քննարկումներով գանք լուծման:
Այժմ կողմերը պետք է հասկանան, թե ինչ բանաձևերով կոմունիկացիաները պետք է բացվեն, և աշխատեն՝ հավելել է Կառավարության ղեկավարը:
ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Անդրադառնալով այդքան քննարկվող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն պատրաստ է այդ գործընթացին, այլև այն անհրաժեշտ է համարում: Սակայն բարդ է նման աշխատանք իրականացնել, երբ սահմանին կրակոցներ են հնչում գրեթե ամենօրյա ռեժիմով: Հարցին՝ կա՞ պատկերացում, թե որ քարտեզներով դա կարող է տեղի ունենալ, Փաշինյանն արձագանքել է՝ պետք է հասկանալ այդ քարտեզների իրավական հիմքերը:
Նիկոլ Փաշինյան - Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություն են: Տեսեք. մենք ասում ենք՝ 85 թվականի քարտեզ, 75, 73 թվականի քարտեզ. այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են, քանի որ թղթային նյութ է, մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել է: Կարևոր են իրավական հիմքերը՝ ինչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում ու սահմանագծում Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի միջև: Մենք եկել ենք այն եզրահանգման, որ բոլոր իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք եղել են 20 թվականին:
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴԵՌ ՉԵՆ ԻՐԱԳՈՐԾՎԵԼ
Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անցել է մեկ տարի, սակայն դրա մի շարք դրույթներ շարունակում են չիրագործված մնալ: Խոսքն առաջին հերթին գերիների մասին է: Փաշինյանը հայտարարել է՝ գերիների վերադարձի համար ամենօրյա աշխատանք է տարվում:
Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Բաքուն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Պատերազմից հետո հայկական կողմն ունի շուրջ 28 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Խոսքը նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին է, որն արձանագրվել էր արդեն հրադադարից հետո:
Նիկոլ Փաշինյան - Ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք, մեր հաստատված 40 գերիներից 90 տոկոսը գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո և ազատ չեն արձակվել:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ «3+3» ՁԵՎԱՉԱՓԻՆ
Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է տարածաշրջանային գործակցության բոլոր հնարավորություններով՝ անդրադառնալով «3+3» ձևաչափի վերաբերյալ հարցին՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Սակայն այդ ձևաչափը պետք է ենթադրի նոր օրակարգ:
Նիկոլ Փաշինյան - «3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով. մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, և այդպես շարունակ: Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ ավելի հետաքրքիր լինել, և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով:
Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է՝ որևէ քննարկում այդ ձևաչափի մասին Իլհամ Ալիևի հետ չի անցկացրել, ինչպես ավելի վաղ ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ
Անդրադառնալով պատերազմի ելքին՝ Փաշինյանը հայտնել է՝ կան բազմաթիվ հարուցված քրգործեր, նաև նշել՝ եղել են այնպիսի հարցեր, որոնք կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում:
Նիկոլ Փաշինյան - Երբ, օրինակ, անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակը պատրաստ է ոչ մի քայլ սկզբունքով պահել առաջնագիծը, բայց դա տեղի չի ունենում: Մենք պետք է խոստովանենք, որ ձախողել ենք բանակաշինությունը: Այս ամենն արտահայտվել է կոնկրետ տեղամասերում կոնկրետ դրսևորումներով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ զինված ուժերը այժմ գտնվում է բարեփոխումների փուլում: Նախատեսվում է Հայաստանում ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, որի էությունը հիմնված կլինի բացառապես պաշտպանական տրամաբանության վրա: