Շուրջ 790 մլն դրամ պայմանագրային արժեքով 3 ծրագիր՝ Վանաձոր համայնքի բարեկարգման համար։ Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ հիմնանորոգվում է Աղայան փողոցը, վերակառուցվում է Սայաթ-Նովայի անվան զբոսայգին, կառուցվում է թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքը, ասֆալտապատվում է Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն գնացող փողոցը։
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Սա նաև, էսպես ասած, հանրային պահանջ է եղել, որպեսզի այս աշխատանքները մենք իրականացնենք:
Աղայան փողոցում մայթերի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում. տեղադրել են բազալտե եզրաքարեր, մայթերը պատել խճով, որ շուտով ասֆալտապատեն: Եղանակային պայմանները, եթե չխանգարեն, ապա մինչև դեկտեմբեր աշխատանքները կավարտվեն:
Վանիկ Օհանյան (Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար) - Մենք նաև պլանավորում ենք Հալաբյան փողոցը ներգրավել, որն Աղայան փողոցը միացնելու է Հալաբյան էստակադային։
Անտոն Միլիտոնյան (շինաշխատանքների աշխղեկ) - Որակը, դե, ինչպես տեսնում եք, բարձր մակարդակի է։
Վանաձորցիների սիրելի Քաղաքային այգին գարնանն արդեն նորովի կներկայանա՝ գեղեցիկ լուսավորությամբ, շատրվաններով, հիմնանորոգված ճեմուղիներով։ Այստեղ հնարավոր է սահադաշտ ունենալ տարվա բոլոր եղանակներին, այս փուլում, սակայն, դեռևս միայն բացօթյա ամֆիթատրոնի կառուցման աշխատանքներն են իրականացվում։
Սուրեն Աբովյան (Վանաձորի գլխավոր ճարտարապետ, նախագծերի հեղինակ) - Նախագծով ձևափոխեցին վերակառուցեցին որպես բազմաֆունկցիոնալ ամֆիթատրոն, որ բոլոր սեզոններին օգտագործվի։ Եվ ներքևի հարթակը հարմարեցված է հետագայում արհեստական սառույցի շերտ կառուցելու համար։
Արծվիկ Պետրոսյան (շինաշխատանքների աշխղեկ) - Ինչքան հնարավոր է՝ չարչարվում ենք, որ լավ ստացվի, որակով։
Տասնամյակներ շարունակ տնակներում գործող թիվ 8 մանկապարտեզը հիմնովին քանդվում է, ամբողջական շենքը իր դռները կբացի արդեն մյուս տարի: Մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար:
Մարզի ղեկավարը շինարարական կազմակերպություններին հորդորում է մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին ու նշում, որ մարզկենտրոն Վանաձորը նոր թափով է զարգանալու։
Արամ Խաչատրյան - Մենք մյուս տարի պիտի հնարավորինս այս սուբվենցիոն ծրագրերը առնվազն կրկնապատկենք։
Սուբվենցիոն ծրագրերից բացի, Կառավարության որոշմամբ, հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ և վերելակներ:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան