Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Արցախի իրավապահ մարմինները, ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են Արցախի ոստիկանությունից:
Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր՝ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է:
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Արցախի Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ.-ն, տեղում մահացել է։
Մյուս տուժածների վիճակը բժիշկները
գնահատում են միջին ծանրության։