ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒ-Ն՝ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկման կներկայացվի Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների մանդատը ևս 1 տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը: Հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է: Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը վերահսկում է եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՊԿ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները, որոնք նոյեմբերի 8-12-ը կանցկացվեն Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցի զինավարժարանում: Զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի զինված ուժերը: Ընդհանուր առմամբ վարժանքներին կմասնակցի ավելի քան 1700 մարդ՝ ներկայացնելով ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերն ու իրավապահ մարմինները: Զինծառայողները գործի կդնեն ավելի քան 300 զինատեսակ, այդ թվում՝ 8 միավոր Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ
Իրանի հարավում նոյեմբերի 7-ին սկսվել են «Զոլֆագար 1400» զորավարժությունները: Դրանք անցկացվում են ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ։ «Զոլֆագար 1400» զորավարժությունների ուղերձը խաղաղություն և բարեկամություն հաստատելու պատրաստակամությունն է՝ հենվելով սեփական հնարավորությունների վրա։
ԹԲԻԼԻՍԻԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել է այսօր Թբիլիսիի կենտրոնում լայնածավալ բողոքի ակցիա անցկացնելու մասին։ Ընդդիմության առաջնորդները նախօրեին 24-ժամյա վերջնագիր էին ներկայացրել Վրաստանի իշխանությանը՝ պահանջելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել մասնավոր հիվանդանոց: Նա արդեն 39 օր է հացադուլ է անում։ Վերջնագրի ժամկետը լրացել է։
ՄԱՀԱՓՈՐՁ ԻՐԱՔԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ
Պայթուցիկ սարքերով զինված դրոնները նոյեմբերի 7-ի գիշերը հարձակվել են Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի նստավայրի վրա։ Իրաքի վարչապետը չի տուժել, սակայն վիրավորվել են նրա թիկնապահները։ Ըստ իրաքյան լրատվականնների՝ մահափորձը իրականացվել է երեք դրոնի միջոցով:
Ալ Քադիմին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ողջ և առողջ է։ «Ես լավ եմ, փառք Ալլահին, և ես, հանուն Իրաքի, բոլորին հանգստության և զսպվածության կոչ եմ անում»,- նշվում է գրառման մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը: «Մենք խստորեն դատապարտում ենք Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ»:
ԱՄՆ-Ը ԲԱՑՈՒՄ Է ԴՌՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ն այսօրվանից բացում է դռները օտարերկրացիների համար։ Նոյեմբերի 8-ից երկիր կարող են մուտք գործել կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստումների վկայականներ ունեցողները։ Մեծ Բրիտանիան Սուրբ Ծնունդն առանց սահմանափակումների նշելու համար առաջարկում է ստանալ պատվաստանյութերի լրացուցիչ՝ երրորդ դեղաչափը: