Ադրբեջանական կողմը ջրատարի վրա աշխատող քաղաքացիական անձանց վրա կրակել է Շուշիի մոտակա խաչմերուկում՝ հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը: Նրանք Ստեփանակերտի ջրմուղ-կոյուղի ընկերության աշխատակիցներ են: Տեղում մահացածը Ստեփանակերտի 22-ամյա քաղաքացի է: 31, 41 և 43-ամյա վիրավորներին տեղափոխել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն ու վիրահատել:
Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը՝ ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու հայտարարում՝ Ջրմուղ-կոյուղու աշխատակիցները կատարում էին բացառապես քաղաքացիական բնույթի աշխատանք:
Արցախի ՄԻՊ-ն ավելի վաղ նաև հայտարարությամբ էր հանդես եկել. «Միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։ Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»:
Դեպքի հանգամանքները ռուս խաղաղապահների հետ պարզում են Արցախի իրավապահները: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհը որոշակի ժամանակով փակվել էր, այժմ կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: