ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում մոտ 50 երեխա արդեն իսկ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Երեխաների պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է: Ծնողների թույլտվությամբ, գրավոր համաձայնությամբ, իհարկե, կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել: Մոտ 50 երեխա ունենք, որ պատվաստվել են»,- ասաց Ավանեսյանը:
Միաժամանակ, նախարարը նշեց, որ պատվաստումները քիչ են հղիների շրջանում:
«Որոշ անձինք շատ մեծ դեր խաղացին՝ վախեցնելու և ապատեղեկատվություն տարածելով զերծ պահելու նրանց պատվաստվելուց: Կոչ եմ անում անպայման խորհրդակցել հսկող բժշկի հետ և այդ խորհրդատվության արդյունքում անպայման պատվաստվել»,- հորդորեց նախարարը:
Ավանեսյանը նաև խոսեց պատվաստանյութերով հագեցվածության մասին: Նրա խոսքով՝ Հայաստանում որևէ պատվաստանյութի պակաս չկա:
«Մենք ապահովված ենք բոլոր տեսակի պատվաստանյութերով: Դրանք հավասար կերպով արդյունավետ են: Այս պահին կարևոր է չհապաղել և օր առաջ գնալ պատվաստվելու»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: