Գիշերը քովիդից հղի կին է մահացել. խորհրդարան՝ բյուջետային քննարկման եկած առողջապահության նախարարը տեղեկացրեց: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այժմ առավել ագրեսիվ դրսևորվող «դելտա» շտամը, ըստ Ավանեսյանի, վտանգավոր է հատկապես հղիների համար: Հիմա վարակված է 100-ից ավելի հղի, որոնց գրեթե կեսը թոքաբորբ ունի:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մեր բժիշկները ամեն ինչ անում են նրանց համար, բայց, ցավոք, լինում են այսպիսի դեպքեր ու մահ:
Հիվանդությունը ծանր ընթացք է սկսել ունենալ երիտասարդների շրջանում, քովիդից մահացության միջին տարիքը նվազել է՝ ցավով փաստեց նախարարը:
Անահիտ Ավանեսյան - Նախորդ շտամների դեպքում երիտասարդների շրջանում, որոնք չունեին քրոնիկ հիվանդություններ, կարելի է ասել, որ առողջական վիճակի խնդիրներ, մահվան դեպք չենք ունեցել: Բայց այս տարի կտրուկ ունենում ենք 1-2 օրվա ընթացքում հիվանդության պրոգրեսիա և մահվան դեպքեր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ
Համաճարակային իրավիճակը մնում է լարված՝ նշեց Ավանեսյանն ու արձանագրեց՝ ոչ լիովին ցանկալի ձևով, բայց վերջին շաբաթվա ընթացքում էլ ավելի խստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը: Վարակման դինամիկայի վրա էլ մի փոքր դրական է ազդել նախորդ 14 օրերի դպրոցական արձակուրդը, բուհերի առցանց ուսուցումը: Իսկ ինչու չենք անցնում վեցօրյա ռեժիմին, երբ դասարանները կիսվում էին, խմբերն օրը մեջ էին հաճախում՝ հետաքրքրվեց պատգամավորը: Նախարարը բացատրեց՝ ընտրել են թիրախային մոտեցումը՝ եթե դասարանում վարակման դեպքերը գերազանցում են 10 տոկոսը, այդ ժամանակ դպրոցը երկու շաբաթով անցում է հեռավար ուսուցման:
Անահիտ Ավանեսյան - Դա վատ անդրադարձ է ունենում մեր կրթական համակարգի վրա, ու միակ լուծումը ուսուցչական անձնակազմի պատվաստումն է, ու պիտի շարունակենք, որ ունենանք 90 տոկոս: Կարող են լինել դեպքեր, որ նման լուծում կիրառենք, բայց երկարաժամկետ խաթարել կրթական համակարգը՝ հնարավոր չէ:
Հիվանդության ծանր ընթացքը կանխելու, մահերից խուսափելու միակ տարբերակը մնում է պատվաստումը՝ նորից հիշեցրեց Ավանեսյանը: Միջազգային փորձը վկայակոչեց՝ այն երկրներում, որտեղ պատվաստումները հատել են 70 տոկոսի շեմը, հիվանդանոցային օղակի վրա ճնշումը կտրուկ նվազել է: Իսկ մեզ մոտ հիմա մի կողմից քովիդն է, մյուս կոմից՝ սուր շնչառական վարակները, որի հետևանքով, ըստ ոլորտի պատասխանատուի, օգտագործվում է հանրապետության գրեթե ամբողջ մահճակալային ֆոնդը: Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա վերջին տվյալով՝ առաջին դեղաչափն ստացել է մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսը՝ 613 հազար 849 քաղաքացի, իսկ երկրորդը՝ 276 հազար 948-ը:
Անահիտ Ավանեսյան - Առաջինի ու երկորրդի միջև այս մեծ տարբերությունը կապված է այն բանի հետ, որ պատվաստումների այս մեծ տեմպը հիմնականում տեղի է ունեցել վերջին ամիսների ընթացքում, և օրական ունենում ենք 18-19 հազար պատվաստման ցուցանիշ:
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահն էլ հիշեց կեղծ պատվաստումների թեման՝ իրավապահների բացահայտումները, ասաց՝ այստեղ էլ պետք է ճիշտ աշխատանք տանել հանրության հետ, որ հակաարշավ տեղի չունենա:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Վաղը-մյուս օրը էդ կեղծ պատվաստված մարդկանցից, ցավոք սրտի, կմահանան, հետո էդ հակապատվաստումների արշավ անողները կասեն՝ տեսեք՝ Պողոսը պատվաստված էր ու մահացավ, բայց ինքը 10-20 հազար տվել էր ու կեղծ արել էր:
Վիճակագրության ճշգրտությունն էլ «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը կասկածի տակ առավ: Նախարարը չհերքեց՝ իրական դրական դեպքերը երկու երեք անգամ ավելի են, քան գրանցվածները: Պատճառն այն է, որ շատ հաճախ ընտանիքում մի անդամի վարակվելու դեպքում մյուսները օրինակ, թեստավորման չեն գնում, կան մարդիկ էլ, որ ասիմպտոմ են տանում: Ինչ վերաբերում է թեստավորմանը, ապա ըստ Ավանեսյանի՝ առաջին օրվանից գանգատներ ունեցող քաղաքացիները թեստավորվում են պետության հաշվին՝ անվճար, թեսթը վճարովի է միայն ճամփորդելու և գործատունին տեղեկանք ներկայացնելու դեպքում:
Արթուր Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Էդ որ ասում եք՝ մարդը վատ է զգում, պետությունը ձրի իրեն հնարավորություն էր ընձեռնում, դրա մասին մի քիչ բարձր ասեք, որովհետև ես ինքս մի քանի անգամ վճարել եմ, վատ զգալով հանդերձ, հիմա ի՞նչ անեմ, ձեր խոսքերը հե՞տ բերեմ, թե՞ գնամ փողս հետ ուզեմ:
Անահիտ Ավանեսյան - Դուք մոտեցել եք լաբորատորիային, նրանք էլ ձեզ տրամադրել են ծառայություն, ու ափսոս, որ լավ տեղեկացված չեք եղել, որ եթե ունեիք սիմպտոմ, կարող էիք դիմել ձեր պոլիկլինիկա և էնտեղ թեստավորվել:
2022 պետբյուջեով Առողջապահության նախարարությունը 4.7 տոկոսով ավելի ֆինանսավորում կստանա, քան 2021-ին է. սա էլ զեկուցեց ֆինանսների նախարարը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ տարվա ընթացքում, սակայն, պարբերաբար վերանայվել է բյուջեն, պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացումներ են արվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով: Այսպես է եղել ընթացիկ տարում, ըստ անհրաժեշտության նույն կերպ կլինի նաև 2022-ին: