Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով Լեհաստանը բարձրացրել է սահմանապահ զորքերի պատրաստվածության մակարդակը՝ գրում է РИА Новости-ն։
Երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Twitter-ում գրել է, որ Բելառուսի հետ սահմանին արդեն ծառայում է ավելի քան 12 հազար զինվոր։ Ավելի վաղ Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարար Ստանիսլավ Ժարինի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Բելառուսը պատրաստվում է մեծ թվով անօրինական միգրանտներ տեղափոխել Լեհաստան։
Սահմանի երկայնքով շարժվող ամբոխում հիմնականում երիտասարդ տղամարդիկ են, կան նաև կանայք ու երեխաներ: Լեհաստանը և եվրոպական այլ երկրներ Բելառուսին մեղադրում են սահմաններին քաոս ստեղծելու համար: Իրաքից և Սիրիայից Մինսկ ժամանող միգրանտները հասնում են սահման, բայց նրանց թույլ չեն տալիս մտնել Եվրամիություն, բելառուս սահմանապահներն էլ նրանց արգելում են հետ գնալ, ինչի հետևանքով անօրինական ներգաղթյալները երկար ժամանակ մնում են սահմանին:
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանային հատվածում հազարավոր զինվորականներ տեղակայելուց բացի՝ փշալարեր է անցկացրել և սահմանին արտակարգ դրություն հայտարարել:
Լեհ-բելառուսական սահմանային իրավիճակի պատճառով մարտական պատրաստվածության են բերվել նաև Լիտվայի զինված ուժերը: