ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիրն ու գործադիրը չափազանց կարևորում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Լինելով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին ջերմ ընդունելության համար՝ շնորհավորելով բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա եւս կարևորել է փոխգործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջև:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող մի շարք միջազգային ծրագրերին՝ հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ է նշել դրանցում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության փաստը:
Կողմերն անդրադարձել են մասնավորապես ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին եւ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարմանը:
Խոսելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին՝ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին: Նա մասնավորապես նշել է, որ օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք: