Հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությունը անհրաժեշտություն է` 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների բռնկումից մեկ տարի անց։ Նշված է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ նոյեմբերի 8-ին տարածած հուշագրի մեջ: Հուշագրում առաջարկված է 8 հիմնական ուղղություն՝ մարդու իրավունքների հրատապ պաշտպանության համար: Հանձնակատարը նկատում է. հակամարտությունից տուժած տարածքներ մուտքը շատ սահմանափակ է մնում հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունների, նաև մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելությունների համար և առաջարկում է հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը լուծել առաջնահերթության կարգով:
Դունյա Միյատովիչ - Ապահովել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպան միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ մուտքը հակամարտությունից տուժած տարածքներ:
Այս կոչով Եվրոպայի խորհրդի հանձնակատարն առաջարկում է բոլոր պատկան մարմիններին մշակել մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան մարդասիրական և մարդու իրավունքների դերակատարներին օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողներին: Առաջարկների երկրորդ կետը վերաբերում է տեղահանված անձանց վերադարձին իրենց բնակության վայրեր. դա պետք է լինի կամավոր՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու դա անելով արժանապատիվ: Նա նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ վավերացնել ՄԱԿ-ի Որոշ սպառազինությունների մասին կոնվենցիան:
Հուշագրում տեղ է գտել նաև գերիների հարցը՝ առանձնացնելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների ապահովման խնդիրը:
Դունյա Միյատովիչ - Գերիների, մասնավորապես Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը մնում է վիճելի, ինչը սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրի միջև: Հետևաբար, շատ կարևոր է ապահովել, որ դեռևս գերության մեջ գտնվող բոլոր անձանց տրամադրվի պաշտպանություն, որը երաշխավորված կլինի միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ, և նպաստել նրանց ազատ արձակմանն ու վերադարձին:
«Շատ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամին կամ որոնց հարազատներն անհետ կորած են: Հետևաբար, կարևոր է անհետ կորածների ընտանիքներին, նրանց իրավական և գործնական կարիքները և ճշմարտությունն իմանալու իրավունքը դնել այս հարցի հետ կապված բոլոր գործողությունների կենտրոնում,- գերիների թեման շարունակում է Դունյա Միյատովիչը:
Հանձնակատարն իր զեկույցում հիշեցնում է. «Պետությունները միջազգային մարդասիրական իրավունքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով իրավական պարտավորություն ունեն՝ պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատուներին»:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերի հանձնակատարը հատկապես անհանգստացած է բնակեցված տարածքների անկանոն գնդակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց զոհերի և լուրջ վնասվածքների: Հանձնակատարին մտահոգում է նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո ատելության խոսքի տարածումը:
Հանձնակատարի Հուշագրի հետ կապված՝ Հայաստանի կառավարությունը մեկնաբանություններ է ներկայացրել, որոնք հրապարակվել են փաստաթղթին կից։