Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի գծով հատկացվող բյուջեն 15.2 տոկոսով ավելի կլինի՝ պայմանավորված շահառու ուսանողների թվաքանակի փոփոխությամբ:
Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Այն պայմանավորված է, մասնավորապես, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից սովորողների, ինչպես նաև նրանց երեխաների, 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ»,- ասաց Դումանյանը:
Հանրակրթության ծրագրի գծով նախատեսվել է 112 միլիարդ դրամ կամ 8.8 տոկոսով ավելի 2021 թվականի նկատմամբ:
Ավելի քան 3 միլիարդ դրամ նախատեսվել է մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման աշխատանքների համար:
Ավելի քան 8 միլիարդ դրամ նախատեսված է փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման համար:
Նախարարը նշեց, որ սպորտի ոլորտի ծախսերը 2022 թվականին կկրկնապատկվեն:
«Հիմնական գերակայությունը Հայաստանում մեծ սպորտի շարունակական զարգացումն է, միջազգային հարթակներում ՀՀ դիրքի բարելավումը և առողջ ապրելակերպի մասսայականացումը»,- ասաց Դումանյանը: