Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի խաղերը ցուցադրելու իրավունքը ձեռք բերելու մասին:
«Այս եթերաշրջանից Հանրայինի եթերում միանգամից 3 սպորտային հաղորդում սկսեց հեռարձակվել, ինչը մենք չունեինք նախկինում, որոնցից 2-ն անմիջապես ֆուտբոլի մասին է: Ինչ վերաբերում է ազգային հավաքականի խաղերին, այն վերջին 6 տարիներին պատկանում է այլ հեռուստաընկերության, բայց վերջերս լիցենզիայի պայմաններն ավարտվեցին, նոր մրցույթ հայտարարվեց, բայց նոր խաղացող է դաշտում հայտնվել, այդ մրցույթը լրիվ այլ ընկերություն հաղթեց: Հիմա մենք փորձում ենք բանակցել այդ ընկերության հետ, որպեսզի համաժամանակյա նաև Հանրայինի եթերում ցուցադրվեն ազգային հավաքականի խաղերը:
Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ ազգային հավաքականի խաղերը տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությունը չի ցուցադրում: Ցավոք սրտի, մենք այդ երկրներից մեկն ենք:
Ազգային ժողովն ընդունել էր օրենք տեսա-լսողական մեդիայի մասին, որտեղ նաև ֆիքսված էր, որ ազգային հավաքականների՝ բոլոր ուղղություններով խաղերը պետք է ցուցադրվի, և աառաջնահերթությունը տրվի Հանրային հեռուստաընկերությանը: Բայց այս օրենքը չի կիրառվում Հայաստանում, քանի որ, օրինակ՝ ֆուտբոլի հավաքականի խաղերի դեպքում միջազգային մրցույթ է, և իրավունքները Ֆուտբոլի ֆեդերացիան տրամադրել է ՈՒԵՖԱ-ին, և մենք ստիպված ենք ՈՒԵՖԱ-ի մրցույթի մասնակցել, որտեղ շատ կարևոր է խաղերի համար բարձր գին ասել: Հանրային հեռուստաընկերությունն այստեղ ստիպված է մրցակցել մասնավոր ընկերությունների հետ Հայաստանի ազգային հավաքականի խաղերի ցուցադրման համար»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը: