Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Լուրեր» հետ զրույցում տեղեկացրել է՝ վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկի վիճակը՝ ծանր: Վերջինս վիրահատվել է:
«Վնասվել էր բավական մեծ անոթ, և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել է Արցախի առողջապահության նախարարը:
Արցախի դատախազությունից ավելի ուշ հայտնել են՝ սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցներ են: