Այսպես Վեդու բժշկական կենտրոնի շուրջ 90 թթվածնային դատարկ բալոն ամեն օր լիցքավորվում է՝ ապահովելու քովիդ-հիվանդներին անհրաժեշտ պաշարով:
Արարատի մարզի 4 հիվանդանոցից երկուսը՝ Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոնները, սեպտեմբերից վերապրոֆիլավորվել են քովիդ-կենտրոնների: Վեդու դեպքում սա արդեն 4-րդ անգամ է:
Սամվել Խաչատրյան («Վեդի» ԲԿ փոխտնօրեն) - Համարյա 2 ամիս է՝ սպասարկում ենք քովիդ-պացիենտների: Այս ժամանակահատվածում մոտավորապես 500 հիվանդ ենք սպասարկել: Այս պահին հիվանդանոցում ունենք 80 հիվանդ, 5 ազատ մահճակալ:
Մահճակալները երկար ազատ չմնացին: Արդեն նկարահանման ընթացքում տրիաժ կենտրոնը 5 հիվանդի ուղղորդեց դեպի Վեդի:
Սամվել Խաչատրյան - էս շտամը ինքը շատ ագրեսիվ է, շատ շուտ է գնում հիվանդների ծանրացում, հիվանդը կարող է իրեն լավ զգա, դիմի, բայց մյուս օրը սկսի կայծակնային ծանրացում. դրանով էլ պայմանավորված է ծանր դեպքերի աճը:
Քովիդ-կլինիկայում ծայրահեղ ծանր՝ 15, ծանր՝ 18 հիվանդ է բուժվում:
Արմենուհի Ասատրյան (բուժքույր) - Շատ լավ են, երեքն էլ լավ են, ծանր են եղել, բայց հիմա լավ են: Թող պատվաստվեն. շատ ահավոր հիվանդություն է:
81-ամյա Արմենուհի տատը շնչարգելություն չի ունեցել, այսօր քովիդը հաղթահարած՝ տուն է շտապում:
Արմենուհի Պետրոսյան - Լավ եմ զգում, ազիզ ջան, հիվանդ ունեմ տանը, դրա համար եմ վռազում:
Վեդու բժշկական կենտրոնում վերջին ամիսներին բուժված 500 քովիդ-հիվանդներից միայն 4-5-ն է պատվաստված եղել:
Իսկ ընդհանուր առմամբ՝ Արարատի մարզում կատարվել է 81.200 պատվաստում, որից 54.600-ը պատվաստնայութի առաջին դեղաչափն է ընդունել: Սա մարզի չափահաս բնակչության 29 տոկոսն է:
Սուսաննա Կտրակյան (Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ) - Կարող եմ ասել, որ հերթեր են մեզ մոտ բոլոր պոլիկլինիկաներում, դրա համար նոր պատվաստումային կետեր ենք ստեղծել:
Մարզում օրական 130-150 վարակման դեպք է գրանցվում, իսկ պատվաստումների օրական ցուցանիշը վերջին շրջանում գերազանցում է 2000-ը:
Սուսաննա Կտրակյան (Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ) - Մեր մարզում այս պահին առկա ու հասանելի են բոլոր պատվաստանյութերը, որոնք ներկրվել են Հայաստան, և մեր ամբուլատորիաները, պոլիկլինիկաներն աշխատում են նաև հանգստյան օրերին:
Արտաշատի բժշկական կենտրոնում էլ այս պահին պատվաստման առաջին դեղաչափը ստացած մեկ հիվանդ է բուժվում:
Գրիգոր Շադյան (Արտաշատի քովիդ-կլինիկայի կլինիկական ղեկավար) - Մեկ հիվանդ ունեցել ենք 2 դեղաչափն էլ ստացած, որը 2-3 օրվա ընթացքում դուրս է գրվել, մեկ հիվանդ՝ մեկ պատվաստում ստացած, դուրս է գրվել, և մեկ հիվանդ ունենք մեկ պատվաստում ստացած, որ հիմա ռեանիմացիայում է և, համեմատած մնացած հիվանդների, ամենաթեթևը ինքն է:
3-րդ անգամ վերապրոֆիլավորված Արտաշատի բժշկական կենտրոնը սեպտեմբերի 27-ից մինչ օրս սպասարկել է մոտ 300 հիվանդի: Այս անգամ այստեղ բացել են նաև Երևանից դուրս գործող միակ մանկական քովիդ-բաժանմունքը:
Գրիգոր Շադյան (Արտաշատի քովիդ-կլինիկայի կլինիկական ղեկավար) - Մանկական բաժանմունքում ունեցել ենք երեխաներ մեկ ամսեկանից սկսած մինչև 16 տարեկան: 16 տարեկան բալիկին դուրս գրեցինք էսօր: Ունենում են թոքաբորբեր: Հիմնականում 7-8-10 հիվանդ ենք ունենում, էս պահին 6 հիվանդ ունենք:
Հիվանդանոցում միջին և թեթև ծանրության հիվանդներ գրեթե չեն լինում: Աշխատում են գերծանրաբեռնվածությամբ:
Գրիգոր Շադյան - Ռեանիմացիան ամբողջովին ծանրաբեռնված է, 7 մահճակալ ունենք, 7-ն էլ ծանրաբեռնված: 5-6 հիվանդ գտնվում են արհեստական շնչառության ոչ ինվազիվ ապարատի տակ:
Արդեն մեկ ամսից ավելի հիվանդանոցում գիշերող բժիշկ Շադյանը նշում է՝ իրենց փորձով են հասկացել՝ հեշտացնում է թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների գործը: Պատվաստված ու վարակված քաղաքացին էլ հիվանդությունը տանում է առանց բարդությունների:
Գրիգոր Շադյան - Բուժանձնակազմը, ամբողջ կոլեկտիվը, մայրապետերը, բժիշկները, բուժքույրերը, վարորդները, թթվածին լիցքավորողները ծանրաբեռնված աշխատում են, և բոլորը հյուծված են: Մեր կոլեկտիվը հիվանդների սատուրացիայի յուրաքանչյուր թվի համար կենաց-մահու պայքար ենք մղում: Բոլորին հավաքում եք, թողնում բոլոր գործերն ու անմիջապես գնում եք մոտակա պատվաստումային կետը պատվաստվելու. միակ միջոցը մեր ազգին այս աղետից փրկելու համար դա է: