Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում ընթանում են ավտոկայանատեղիի կառուցման շինարարական աշխատանքները: Այդ մասին ասված է Արագածոտնի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Հետխորհրդային տարիներից ի վեր չշահագործված և փլուզման եզրին գտնվող հին կաթսայատան շենքը ամրացվում, վերանորոգվում և հարմարեցվում է որպես ավտոկայանատեղի շահագործելուն:
Ծրագրի արժեքը շուրջ 56 միլիոն դրամ է, որի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50%-ը կներդնի համայնքը:
Կայանատեղիի կառուցմամբ կլուծվեն «Ծաղկահովիտի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տեխնիկայի խնամքի ու պահպանության հարցերը: Այստեղ կկայանվի շուրջ 15 միավոր համայնքային տեխնիկա, որոնց մի մասը ձեռք է բերվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ, մի մասը՝ դրամաշնորհային և այլ ծրագրերով:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ»,- նշված է գրառման մեջ: