ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կորոնավիրուսի առկայության դեպքում մարդիկ հաճախ անհարկի կիրառում կամ չարաշահում են հակաբիոտիկներ, սկսում են ինքնաբուժմամբ զբաղվել:
«Սա ծայրահեղ վտանգավոր, մտահոգիչ վարքագիծ է: Ինքնաբուժմամբ չի կարելի զբաղվել որևէ պարագայում, իսկ քովիդի պարագայում դա ուղղակի կարող է մահվան հանգեցնել: Ունենք քաղաքացիներ, որոնք հեշտությամբ ընդունում են հակաբիոտիկների մեծ դոզաներ, երրորդ սերնդի հակաբիոտիկներ, երբ հիվանդությունը դեռ սկսման փուլում է:
Հասարակության մեջ թյուր կարծիքներ են ձևավորվում, որ առաջին ջերմության բարձրացման պարագայում «կանխարգելիչ» նպատակով հակաբիոտիկ են ընդունում. սա սարսափելի իրավիճակ է: Մարդկանց մոտ զգուշության լրիվ բացակայություն կա դեղամիջոցներ ընդունելիս և իռացիոնալ վախեր պատվաստումների նկատմամբ:
Եթե դիտարկվի, թե հակաբիոտիկների չարաշահման պարագայում ինչ լուրջ վնասներ ենք հասցնում մեր օրգանիզմին, առողջությանը, կտեսնենք, որ այդ վնասներն ի հայտ են գալու տարիների ընթացքում ավելի ու ավելի: Բայց այն պատվաստանյութերը, որոնք իրենց կողմնակի ազդեցություններով հարյուրավոր անգամներ ավելի ոչ ռիսկային են, մենք զգուշանում ենք պատվաստվելուց և կանխարգելելուց հիվանդությունը»,- ասաց Ավանեսյանը: