Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այլևս չի մեկնաբանի բանտում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ կապված իրավիճակը։ Նա հիշեցրել է, որ այդ հարցով զբաղվում է Վրաստանի արդարադատության նախարարությունը, և հարցերը պետք է ուղղել այդ գերատեսչության նախարարին:
Ղարիբաշվիլին արձագանքել է նաև ընդդիմության երկխոսության կոչերին՝ գրում է Aliq.ge-ն:
«Եթե ընդդիմությունը ցանկանում է իրական բանավեճ անցկացնել, ապա դրա տեղը խորհրդարանն է: Ուզում եմ կոչ անել բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը. գիտակցել, որ ժամանակն է մեր նեղ կուսակցական շահերը վեր չդասել երկրի շահերից»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Խորհրդարանական ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը կարծում է, որ Վրաստանում առկա է քաղաքացիական բախումների վտանգ, ուստի դիմում է կառավարությանը՝ երկխոսություն սկսել իրավիճակը լիցքաթափելու համար։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան էլ երեկ ասել է, որ եթե կառավարությունը 24 ժամվա ընթացքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն չտանի քաղաքացիական կլինիկա, նոյեմբերի 8-ից բողոքի ակցիաները կշարունակվեն։