2022-ի պետբյուջեով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 580 միլիոն դրամ կստանա: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բյուջեի նախագիծը ներկայացնելով՝ նշել է, որ կառույցը գործունեության երկու հիմնական ուղղություն է սահմանել: Հայաստան-Սփյուռք գործակցությունն ամրապնդելու համար նախատեսում են ծախսել 374 միլիոն դրամ:
Սինանյանը նշել է, որ հաջորդ տարի երիտասարդական ու հայրենադարձման տարբեր ծրագրերով ու համայնքային, համահայկական համաժողովներով փորձելու են Սփյուռքի հետ կապն ամրապնդել: Կառույցի ղեկավարը, ներկայացնելով «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, վստահեցրել է, որ 13-18 տարեկան պատանիները և երիտասարդները Հայաստանը յուրովի են ճանաչելու և բացահայտելու:
Զարեհ Սինանյան (ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Ծրագիրն իրականացվելու է չորս փուլով, յուրաքանչյուրը 2 շաբաթ տևողությամբ: Նախատեսվում է մինչև 400 հոգու մասնակցություն: Միջոցառման իրականացման համար նախատեսվում է 83 միլիոն 640 հազար դրամ: