Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին մեկնաբանել է իր դեմ մահափորձը՝ հաղորդում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ինքը գիտի, թե ով է փորձել սպանել իրեն՝ իր նստավայր ուղղորդելով պայթուցիկներով անօդաչու թռչող սարքերը։ Վարչապետը նշել է, որ այս հանցագործությունը կատարած անձինք կբացահայտվեն ու կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Ավելի վաղ Իրաքի ՆԳՆ-ն ահաբեկչություն էր որակել Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ մահափորձը։ Հարձակում իրականացրած երեք անօդաչու սարքերից երկուսը վերացրել են, մեկին հաջողվել է կրակել շենքի վրա՝ վիրավորելով անվտանգության ծառայության աշխատակիցներին, վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում:
Իրաքից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ Բաղդադի «կանաչ գոտուց» ոչ հեռու, որտեղ գտնվում են կառավարական շենքերն ու դիվանագիտական ներկայացուցչությունները, պայթյուն է որոտացել։
Միջադեպը տեղի է ունեցել Էլ-Կարադա էլտար շրջանի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է էլեկտրական գեներատորը, սակայն պայթյունի ստույգ պատճառը չի նշվում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։