Ռուսաստանի ԱԳՆ-ն այս շաբաթ հայտարարություն արեց լրատվամիջոցների համար՝ ըստ էության, հերքելով Ադրբեջանի կողմից շրջանառվող թեզերը. Մոսկվան նախ՝ վերահաստատեց, որ «միջանցք» հասկացության մասին ոչ խոսք է գնացել, ոչ էլ գնում է: Ապաշրջափակված և նորաստեղծ ճանապարհները համարվելու են այն երկրի ինքնիշխանության գոտի, որի տարածքով անցնելու են:
Հաջորդ ուղերձը Բաքվին ձևակերպումն էր խաղաղապահների վերաբերյալ. Մոսկվան, հղում անելով պաշտոնական Երևանին ու Բաքվին, պնդեց՝ կողմերը համաձայն են, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն անցնող տարվա ընթացքում ապահովել է հրադադարի պահպանման ռեժիմը, իրեն դրսևորել որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության վստահելի երաշխավոր: Ըստ էության, այսպիսով Մոսկվան ակնարկեց՝ խաղաղապահներից ադրբեջանական քողարկված ու անսքող դժգոհություններին խիստ անտարբեր է:
ՌԴ արտգործնախարարությունը «պոպուլիստական և իրականության հետ աղերս չունեցող» որակեց կարծիքները, թե իրենց նպատակն է Լեռնային Ղարաբաղն անջատելն ու Ադրբեջանին հանձնելը, Հայաստանն էլ պրոտեկտորատի վերածելը:
Քաղաքականից զատ, այս շրջանում Բաքուն նաև իրավական ապտակ ստացավ:
ՄԻԵԴ-ը որոշեց՝ այդ երկիրը ոտնահարել է հայերի կյանքի իրավունքը: Խոսքը Մամիկոն Խոջոյանի ու Կարեն Պետրոսյանի գործերով Եվրոպական դատարանի վճիռների մասին է: Ընդհանրապես, վերջին երկու տարում ՄԻԵԴ-ն արդեն 5-րդ վճիռն է կայացնում ընդդեմ հայատյաց երկրի:
Ադրբեջանը, սակայն, դրանց պահանջները մինչև հիմա չի կատարել: