ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ Է 7338 ՀՂԻ
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված հղիների ընդհանուր թիվը կազմել է 7338։ Հղիների շրջանում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահացության 17 դեպք, նրանցից ոչ մեկը պատվաստված չի եղել։ 2020 թվականին կորոնավիրուսով վարակված մեկ հղի է մահացել, իսկ 2021 թվականին՝16։ Հղիների շրջանում Covid-19-ով վարակման դեպքերը գրանցվել են հիմնականում 35-39 տարեկան կանանց շրջանում:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ավստրիայի իշխանությունը նոյեմբերի 8-ից սահմանափակումներ է մտցնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ եթե նախկինում թույլատրվում էր քաղաքացիների մուտքը հասարակական կամ ժամանցի վայրեր նաև թեստի բացասական արդյունքի դեպքում, ապա այժմ թույլատրվելու է միայն պատվաստվածներին և արդեն ապաքինվածներին: Ավստրիայում նոյեմբերի 5-ին գրանցվել էր կորոնավիրուսի 9300 նոր դեպք, ինչն ընթացիկ տարվա առավելագույն ցուցանիշ է համարվում: Հիվանդացության աճի պատճառով իշխանությունը սկսել է պատվաստված քաղաքացիների վերապատվաստումը:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ԱԼԻՔ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 37120-ով: Դա առավելագույնն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Կորոնավիրուսից մեկ օրում այնտեղ մահացել է 154 մարդ: Նոյեմբերի 3-ին Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շպանը հայտարարել է, որ այնտեղ սկսվել է համավարակի չորրորդ ալիքը, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ չպատվաստվածների համավարակն է: