Դեկտեմբերի 5-ն Արմավիրի մարզում ՏԻՄ ընտրության օր է. խոշորացված համայնքներում ավագանի են ընտրելու: Վաղարշապատ, Փարաքար ու Արաքս խոշորացված համայնքներում ընտրությունը կազմակերպում է թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովը: Էջմիածինն ավագանի կընտրի Ոսկեհատ բնակավայրի հետ միավորված, Փարաքարը՝ 9 խոշորացված համայնքներով, իսկ Արաքսը՝ 13 գյուղային փնջով: Քաղաքական ուժերն արդեն գրանցվել են: Էջմիածնում ընտրությանը կմասնակցեն մեկ դաշինք և 4 կուսակցություն:
Գրիգոր Նազարյան (թիվ 14 ՏԸՀ նախագահ) - Արաքսի ընտրությանը մասնակցելու համար գրանցվել է 3 կուսակցություն, Փարաքարը կմասնակցի 1 դաշինք, 2 կուսակցությունով:
Էջմիածնում մասնակցության հայտ են ներկայացրել «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Իրական ժողովրդավարական» և «Հայրենատեր» կուսակցությունները: Փարաքարում ավագանու տեղերի համար կպայքարեն «Ապրելու երկիր» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը: Իսկ Արաքսում ավագանի ձևավորելու համար կպայքարեն «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները: Համամասնական ընտրակարգով Արմավիրի մարզում ավագանի առաջին անգամ կընտրեն:
Գրիգոր Նազարյան - Խոշորացված համայնքներում պետք է լինեն համամասնական ընտրություններ, դրանով առավելագույն ձայներ ստացած կուսակցությունները միանգամից առաջադրում են իրենց քաղաքապետի թեկնածուին:
Քարոզչական նյութերի ծախսերը կհոգան նախընտրական հիմնադրամները: Տարածքային ընտրական հանձնաժողովից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հորդորել են պաստառները փակցնել սահմանված վայրերում: Իսկ տեղամասային հանձնաժողովների պատասխանատուներին զգուշացրել՝ ընտրախախտման մեծ ու փոքր չկա, արձանագրել բոլոր խախտումները:
Գրիգոր Նազարյան - Ցանկացած խնդիր, որ կբարձրացնեն ու կպահանջեն արձանագրել, պարտավոր եք գրանցել:
Քվեարկությունը կատարելու են մեկ քվեաթերթիկով, որտեղ դաշինքներն ու կուսակցությունները ներկայացված կլինեն այբբենական կարգով:
Գրիգոր Նազարյան - Սահմանեցինք նաև կուսակցությունների համարները, որովհետև քարոզարշավի ժամանակ պարտավոր են ներկայացնել իրենց համարը, քարոզել և այլն: Մեկ քվեաթերթիկ՝ սահմանված նշանով քվեարկություն:
Քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու համար 23 օր կունենան: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 11-ին, կավարտվի դեկտեմբերի 3-ին: