Բոլորիս սիրելի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը Ռուդոլֆ Վաթինյանի լավագույն օպերատորական աշխատանքներից մեկն է: Հայտնի կինօպերատորը նկարահանել է 30-ից ավելի ֆիլմ: Վաթինյանը նաև տաղանդավոր լուսանկարիչ էր. նրա 80-ամյակին է նվիրված Միրզոյան գրադարանում բացված 60-70-ականների ֆոտո-դիմանկարների ցուցահանդեսը: «Վերջին արդիները» խորագրով ցուցադրության համար հարյուրավոր լուսանկարներից ընտրվել են 40-ը։
Վիգեն Գալստյան (Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար) - Սա ժամանակի վկաների մասին է, բայց նաև լուսանկարչության մասին է՝ արդյոք լուսանկարը կարո՞ղ է մի պատկերում ամփոփել մարդու էությունը, ինքնությունը։
Հենց լուսանկարչությունն է գրեթե ամբողջ կյանքում արտացոլել Վաթինյանի ներաշխարհը, օգնել լինել ավելի ազատ, քան շատ հաճախ կինոյում։ Լուսանկարները, սակայն, հանրությանը մինչ օրս անհայտ են եղել, «նա չի հավակնել իր գործերը լայն արվեստի մաս դարձնել»՝ ասում է Վիգեն Գալստյանը։
Վիգեն Գալստյան - Ցավոք, այս տարվա սկզբում Ռուդոլֆ Վաթինյանը հեռացավ կյանքից։ Անմիջապես դիմեցինք ընտանիքին՝ Միկա Վաթինյանին։ Եվ ուղղակի թռուցիկ նայելով նեգատիվներին՝ անմիջապես հասկացա, որ խոսքը գնում է ոչ միայն վավերագրական բնույթ ունեցող պատկերների մասին, այլև արվեստագետի աշխատանքի մասին։
Վաթինյանը նկարում էր նախևառաջ մարդկանց՝ ընտանիքի անդամներին, մտերիմներին, նշանավոր գործընկերներին, որոնց թվում էին՝ Տիգրան Մանսուրյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Մհեր Մկրտչյանը, Երվանդ Քոչարը, Մինաս Ավետիսյանը։
Վիգեն Գալստյան - Շատ հետաքրքիր է հատկապես «Խաթաբալա» ֆիլմի նկարահանմանը վերաբերող շարքը, որն ասես առանձին ֆիլմ լինի՝ լուսանկարներից կազմված։
Թորոս Խաչատրյանի խոսքով՝ ցուցահանդեսը հեղափոխական է ոչ միայն հայ լուսանկարչության պատմության, այլև Հայաստանում լուսանկարները մշակելու տեսանկյունից։ Միակ խնդիրը եղել է մեծ քանակությամբ հատուկ լուսազգայուն թուղթը արտերկրից բերելը․ գործընթացը ձգձգվել է քովիդի պատճառով։
Թորոս Խաչատրյան (Box Photo լաբորատորիայի հիմնադիր) – Պրոցեսը ֆիլմերում եք տեսել՝ կարմիր լույս, մութ սենյակ, քիմիկատներ, նեգատիվ, հետո ռետուշ է արվում ձեռքով։
Ցուցահանդեսին նախորդել է Շառլ Ազնավուրի հրապարակում Վաթինյանի աստղի բացումը, իսկ Միրզոյան գրադարանում լուսանկարները ներկայացված են լինելու երեք ամիս: Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով: Կազմակերպիչները հուսով են՝ ցուցադրություն կլինի նաև Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և, իհարկե, Վաթինյանի հայրենի Դիլիջանում։