Տարածաշրջանում ապաշրջափակվող երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի այս համաձայնության վերաբերյալ ասված է 44-օրյա պատերազմի ավարտի 1 տարվան նվիրված Ռուսաստանի արտգործնախարարության՝ մամուլի համար նախատեսված հայտարարությունում:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն
«Հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որը ուռճացվում է ԶԼՄ-ներում, պակաս կարևոր չէ, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԱԼ ԿՈՆԿՐԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ. ՓԱՇԻՆՅԱՆ
Հարցը երեկ քննարկել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Փաշինյանն ընդգծել է՝ Ադրբեջանի հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես այն դեպքում, որ եռակողմ հայտարարություններում միջանցքի մասին խոսք չկա:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել իր ընկալումները հանձնաժողովին, և դա, իհարկե, անընդունելի է մեզ համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ ու ապաշրջափակմամբ: Բազմիցս եմ հրապարակային հայտարարել, որ մենք պատրաստ ենք գնալ կոնկրետ լուծումների, որոնց էությունը պետք է լինի հետևյալը. Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:
Օվերչուկը հայտնել է՝ փորձում են գտնել օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ, ըստ էության վերահաստատելով ՌԴ դիրքորոշումը:
Ալեքսեյ Օվերչուկ (ՌԴ փոխվարչապետ) - Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են սկզբունքի վրա, որ ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները:
ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ
ՌԴ ԱԳՆ հայտարարությունում չի շրջանցվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Հակառակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ համանախագահներին անգործության համար մեղադրելուն և հայտարարությանը, թե ձևաչափն այլևս անցյալում է, Մոսկվան սպառված չի համարում կարգավորման 3+2 հարթակը, որը ենթադրում է ՄԽ համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի պաշտոնյաների շփում:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն
«Դրա մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում: Հանդիպման օրակարգում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահները ծրագրում են այցելություն տարածաշրջան և շփումների շարունակում 3+2 ձևաչափով»։
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին վերաբերող կետը ևս հակադրվում է Ադրբեջանի ղեկավարության քայլերին: Բաքուն մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, մինչդեռ հայտարարության մեջ ասվում է.
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն
«Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը համաձայն են, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն անցնող տարվա ընթացքում ամուր ապահովել է հրադադարի պահպանման ռեժիմը, իրեն դրսևորել, որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության վստահելի երաշխավոր»:
Շարունակելով թեման՝ ՌԴ արտգործնախարարությունը հերքել է նաև կարծիքները, թե Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն և Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն: Արտաքին քաղաքական գերատեսչությունը դրանք որակել է պոպուլիստական և իրականության հետ որևէ աղերս չունեցող:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան