Կիսով չափ հայ եմ, կիսով չափ՝ ավստրիացի: Պրոֆեսոր Ժասմին Դում-Թրագութին հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ ընտրեց հայագիտությունը: Պատասխանում է՝ Հայաստանը երազանքի երկիր է, Արցախը՝ գանձարան: Արդեն 33 տարի Զալցբուրգի համալսարանի գիտնականը Եվրոպայի կենտրոնում պատմում է Հայաստանի և հայկական մշակույթի մասին:
Ժասմին Դում-Թրագութ (հայագետ, Ավստրիա) - Հայագիտություն Ավստրիայում չկա, որպես գիտություն չճանաչված գիտություն չէ, դրա համար Ավստրիայում հայագիտության ամբիոն չի եղել:
Գրացի համալսարանում սովորում էր հնդեվրոպական լեզուներ: Դոկտորական աշխատանքը նվիրված էր Հայաստանին՝ որպես առաջին քրիստոնյա երկրի: Հայերենին տիրապետելուց հետո հեռանկարում հայագիտության ամբիոնի ստեղծումն էր Ավստրիայում: Անկեղծանում է՝ գրեթե անհնար էր, իսկ ինքը համառ էր: Եվ արդեն 20 տարի Զալցբուրգի համալսարանում ղեկավարում է հայագիտության ամբիոնը:
Ժասմին Դում-Թրագութ - Ես էստեղ եմ եկել 88-ին՝ որպես ստաժոր, հետո մնացել եմ մինչև 90-ը, սովորել եմ պետական համալսարանում, Աճառյան համալսարանում:
Ժամանակի ընթացքում նկատեց՝ հայագիտական ուսումնասիրություններում ներգրավվում են եվրոպացի ուսանողներ: Իր բոլոր աշխատանքների մասին միշտ տեղյակ է պահել Հայաստանի պատկան մարմիններին: Աշխատել են համատեղ, հիմա, ինչպես ինքն է ասում՝ ունի երազանքի հայագիտության ամբիոն:
Ժասմին Դում-Թրագութ - էստեղից գնալով օգնում էին, տեսան, հասկացան, որ լավ գործ եմ անում, Հայաստանի համար, ոչ միայն գիտության համար, նաև որ Ավստրիայում Հայաստանի, մշակույթի մասին տարբեր միջոցառումներ եմ կազմակերպում, ցուցահանդեսներ:
Տարվա մեջ առնվազն չորս անգամ գալիս է Հայաստան: Աշխատում է Երևանի պետական համալսարանում, Մատենադարանում, Գիտությունների ակադեմիայում: Բազմաթիվ նյութեր պրոֆեսորին տալիս են շատ հարցերի պատասխանները:
Ժասմին Դում-Թրագութ - Ես շատ եմ սիրում հետազոտել հենց գյուղում, ես շատ հաճախ լինում եմ Սյունիքում, Տավուշում, մարդկանց հետ եմ շփվում, դա դաշտի աշխատանք է, որ շատ եմ սիրում, կարևոր է հայերի հետ կապեր ունենալ, անհրաժեշտ է հետազոտության համար:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ պրոֆեսոր Թրագութը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանը նվիրված երկու հետազոտական նախագիծ: Կես միլիոն եվրո արժողությամբ ծրագրերից մեկը վերաբերում է հայկական ձիաբուժարաններին միջնադարյան Հայաստանում: Հիմքում ընկած է ձիաբուժության մասին միջնադարյան հայկական ձեռագիր, որի գոյությունը հայտնի է դարձել վերջերս: Պրոֆեսորը վստահ է՝ կապացուցի՝ Հայաստանից է սկսել համաշխարհային ձիաբուժությունը:
Ժասմին Դում-Թրագութ - Մեկը Կիլիկիայի ժամանակաշրջանից է, 13-րդ դար, արդեն թարգմանել, հրապարակել եմ գիրքը: Հիմա շարունակում եմ գործերը մի ուրիշ բժշկարանի վրա, համեմատում եմ վրացական, արաբական, պարսկական նյութերի հետ:
Աշխատությունների առանձին շարք Արցախի մասին է: Նորից կմեկնի Ստեփանակերտ, նպատակ ունի մշակութային ժառանգության մասին հավաքած տվյալները ներկայացնել աշխարհին: Հայաստանում և սահմաններից դուրս մի քանի հանձնաժողովների անդամ է, որը, ըստ պրոֆեսորի՝ հիանալի միջավայր է խոսելու Արցախի մասին:
Ժասմին Դում-Թրագութ - Ավստրիայում նման հանձնաժողով եմ ստեղծել, փորձում ենք աջակցել, գիտաժողովներ ենք ձեռնարկում, հոդվածներ գրում:
Մայր Աթոռում լույս է տեսել հայագետի գիրքը՝ նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը: Առաջիկայում Վիեննայում հրավիրելու է Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով: Հանդիպման ավարտին պրոֆեսորը շեշտում է՝ անկախ գտնվելու վայրից, ինքն Արցախի կողքին է:
Ժասմին Դում-Թրագութ - Ես ոչ միայն գիտնական եմ, նաև մարդ եմ, ինձ համար երկրորդ հայրենիքն է Հայաստանը, և Արցախը միշտ իմ սրտում է, կիսված ավստրիացի եմ, կեսը՝ Ավստրիայում, կեսը՝ Հայաստանում, բնական է, որ Արցախի համար պայքարեմ: