Հայաստանն իր խոհանոցով և գինեգործության ավանդույթներով ավելի մեծ ուշադրության է արժանի զբոսաշրջիկների շրջանում: Ամերիկյան «Ֆորբս» ամսագրի դիտարկումն է: Տուրիստական ուղղությունն ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է, որ գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող երկիրը ոլորտը ճիշտ ներկայացնող մասնագետներ ունենա՝ ասում են հայ հնագետները:
Բորիս Գասպարյան (հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող) - Ես ինքս զբոսաշրջային խմբեր ունեմ և տեսնում եմ, թե, ասենք, գիդ էքսկուրսավարները ինչ են պատմում՝ անհեթեթություններ և այլն: Մարդկանց մի ստվար զանգվածը չգիտի էդ ասպարեզում մենք ինչ ունենք, ինչով կարելի է հպարտանալ, ինչով՝ ոչ:
Որպեսզի պատմությունը չաղավաղվի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և տուրիզմի կոմիտեի հետ համատեղ զբոսավարների վերապատրաստման դասընթացներ է սկսել գինեգործության ակադեմիան: Խաղողագործությունից մինչև գինու պատմություն. տուրիստի հետ աշխատելիս զբոսավարը պետք է ամեն ինչ իմանա:
Նորա Սարգսյան (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի փորձագետ) - Ծրագիրը, որ մշակվել է իր մեջ ներառել է գինու տուրիզմին անհրաժեշտ բոլոր կոմպոնենտները, մասնավորապես, մի մասը վերաբերել է գինու պատմությանը և մշակույթին, մյուս մասը ուղղված է եղել խաղողագործության հիմունքների ուսուցանմանը:
Վերապատրաստման ծրագրում հաշվի են առնվել գերմանական համալսարանի զբոսավարների ուսուցման փորձը: 20 զբոսավար արդեն պատրաստ է Հայաստան այցելողներին ներկայացնելու մեր երկրի գինու պատմությունը:
Անահիտ Ոսկանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի խորհրդական) - Ծրագիրը հենց տուրիզմի զբոսավարների պատրաստմանն է միտված բավականին արժևորվում է պետության կողմից, քանի որ այս ուսանողները վեց ամսվա ընթացքում ձեռք բերեցին այնպիսի հմտություններ և նեղ մասնագիտական գիտելիքների պաշար, որոնք միտված են լինելու Հայաստանը ներկայացնել միջազգային շուկայում որպես գինեգործության բնօրրան:
Զարուհի Մուրադյան (Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն) - Տարբեր թեմաներ դասավանդվեց, կազմակերպվել է քննություն, որի արդյունքում կտրվեն հավաստագրեր, և կունենանք արդեն ոլորտում պրոֆեսիոնալ զբոսավարներ:
Գինեգործության ուղղությունում տուրօպերատորները բացահայտելու շատ բան ունեն: Վերջին տարիներին առաջին անգամ Գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համաֆինանսավորմամբ՝ կենսաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է և արդեն Եվրոպական Վիտիս տվյալների բազայում 348 խաղողի տեսակ գրանցվել է որպես հայկական: Մինչև այս ուսումնասիրությունը՝ տվյալների եվրոպական բազայում խաղողի ընդամենը 120 հայկական սորտ էր նշված։ Մնացած տեսակները վերագրվում էին Ադրբեջանին։