ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետևել բուժօգնության կազմակերպման գործընթացին:
Նրանք մասնավորապես եղել են Վանաձորի ԲԿ-ի նորաստեղծ ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունքում:
Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք:
Վանաձորի կենտրոնը համակցված վերականգնողական կենտրոն է՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական ծառայություններով, որն ամբողջությամբ ծառայելու է զինվորների ընթացիկ բուժմանը:
Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն տեղադրվել է։
Ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայություններն այսուհետ հասանելի են, ինչպես Արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար:
Ծրագրի շրջանակներում նաև տեղի մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։