Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ ադրբեջանցիները քանդել են Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը և հասել դպրոցին կից եկեղեցու պատին: Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշենի դպրոց» ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև համայնքի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին և վերանորոգվել 2012 թվականինին: Այս մասին հայտնում է monumentwatch.org-ը:
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը նույնպես ոչնչացվել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը քանդում և ավերում Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։
Գյուղական համայնքը գտնվում է Արցախի Հանրապետության հարավային հատվածում, Ասկերան շրջկենտրոնից՝ 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1904 թվականին:
Նշվում է՝ չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում։